ՀՀԿ. Ձեզ ո՞վ էր խնդրել, որ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը հանձնեք թուրքերին
Հայաստանի իշխանությունը պարտված պատերազմի պայմաններում որոշել է հարթել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ասում են՝ երկրի ապաշրջափակումն ի օգուտ երկրի կլինի։ Այս մասին դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Միաժամանակ, նա նշեց, որ իշխանությունն այսքանից հետո դեռ թույլ է տալիս իրեն ծաղրել աշխարհագրությունից հասկացող մարդկանց։
«Ասում են՝ Մեղրի-Հորադիզ երկաթգիծը մեզ կապելու է Ռուսաստանի հետ։ Վերջապես նայեք քարտեզին. Քանի՞ կմ է Երևանից Մեղրի: Քանի՞ կմ է Մեղրիից Հորադիզ և Հորադիզից Բաքու: Ի վերջո, կա Իջևան-Ղազախ երկաթգիծը։ Եթե մտածում եք բեռնափոխադրումների մասին, ապա գործարկեք Իջևան-Ղազախ երկաթուղին։ Ինչո՞ւ եք հավելյալ 200 միլիոն դոլար կախում հայ հարկատուների վզից։Թուրքական երազանքն իրականացնելու համա՞ր։ Ասում են նաև, որ այս երկաթուղու միջոցով հնարավոր կլինի գնալ Իրան։ Մենք հաղորդակցություն ունեինք Իրանի հետ։ Ձեզ ո՞վ էր խնդրել, որ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը հանձնեք թուրքերին»,-դժգոհեց Շարմազանովը, տեղեկացնում է News.am-ը։