Արգիշտի ԿԻՎԻՐՅԱՆ. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՄ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԵՆ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնողները Հայաստանը կամ նույնիսկ Թուրքիան չեն, դրա թիկունքում կանգնած են գերտերությունները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։ Նա պարզաբանեց, որ զուգահեռաբար երկու հակադիր գործընթացներ են ընթանում:
«Գործընթացներից մեկը «3+3» ձևաչափով ռուս-թուրքական նախաձեռնությունն է, որը փաստացի դարձավ «3+2» ձևաչափ՝ հաշվի առնելով Վրաստանի մերժումը։ Այս ձևաչափի նպատակն Արևմուտքին տարածաշրջանից դուրս բերելն է։ Երկրորդ գործընթացը Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ երկխոսություն հաստատելու ԱՄՆ-ի փորձն է։ Հենց Վաշինգտոնի դերն էլ պայմանավորեց Անկարայի որոշումը՝ հատուկ ներկայացուց նշանակել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանին, ով կապված է Վաշինգտոնի հետ։ Դա Միացյալ Նահանգներին թույլ կտա տեղյակ լինել իրադարձություններից և ազդել դրանց վրա։ Դրանով էլ պայմանավորված նաև Վաշինգտոնի կողմից Հայաստան գործուղված Ժիրայր Լիպարիտյանի (ՀՀ նախագահի նախկին խորհրդական, խմբ.) այցը։ Նրա շուրթերով Միացյալ Նահանգները հասկացրեց, որ որոշակի պայմանների կատարման դեպքում իրենք կբացառեն սպառնալիքները։ Վաշինգտոնը չի ցանկանում լքել տարածաշրջանը, «3+3»-ը ձեռնտու չէ նրան, և Վրաստանի հրաժարվելը մասնակցությունից պայմանավորված է նաև ԱՄՆ-ի ցանկությամբ»,- ասել է Կիվիրյանը։
Փորձագետը կոչ արեց չզարմանալ Փաշինյանի նշանակումների վրա՝ հաշվի առնելով, որ Ռուբեն Ռուբինյանն իր ինտելեկտուալ կարողություններով նրան չի զիջում:
«Այլ հարց է, որ երկուսն էլ իրենց տեղում չեն։ Բացի այդ, նա այլ կադրեր չունի։ Լուրջ մարդիկ չեն ցանկանում աշխատել նրա հետ։ Անգամ այն գործընթացները, որոնք կարող են բխել Հայաստանի շահերից, ձախողվում են իշխանությունների անկարողության պատճառով։ Վառ օրինակ է ԱՄՆ-ում որպես դեսպան մի մարդու նշանակումը, ով միայն անգլերեն գիտի:
Ժիրայր Լիպարիտյանը, զրուցելով իշխանության ներկայացուցիչների հետ, նույնպես չցանկացավ աշխատել այս ոչ ադեկվատ թիմի հետ, որի ղեկավարը ցանկացած քննարկման ժամանակ կարող էր հանկարծակի ուղիղ եթեր դուրս գալ»,- ընդգծեց վերլուծաբանը։