ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ԱՆՑՔԵՐ Ը, կամ՝ Ի՞ՆՉ Է ՇՇՆՋԱՑԵԼ ՆՐԱՆ ՄԻՇԵԼԸ

Դեկտեմբերի 7-ին, Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երրորդ փուլից 2 օր անց ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց: «Հայաստանի ժողովրդավարության տոկունության և տարիների ընթացքում երկրի գրանցած զգալի առաջընթացի» մասին հավաստիացումների հետ մեկտեղ՝ այն բովանդակում էր մի արտահայտություն, որն անմիջապես ընդգծեցին դիտորդները. «Մեզ նաև հասել են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ։ Խրախուսում ենք իշխանություններին հետաքննել չարաշահումների վերաբերյալ մեղադրանքները»: Այս արտահայտությունը որոշ փորձագետների առիթ տվեց հայտարարելու, որ աշխարհաքաղաքական մի շարք կենտրոնների հետ Փաշինյանի «մեղրամիսը» մոտենում է ավարտին։ Ասել է թե՝ դեսպանատունը հասկացնել է տալիս, որ շատ բաներ, ինչ նախկինում ներվել է իշխանություններին, այսուհետ չի ներվելու։

Այդպիսի կարծիքը գուցեեվ ունի գոյության իրավունք, միայն թե մեծ դժվարությամբ ես հավատում նման դրվածքին: Ախր չափազանց ջանասիրաբար են իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, կատարում տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերաձևման համաշխարհային կենտրոնների մանրակրկիտ մշակած ծրագրերը, որպեսզի ամերիկացիները կամ եվրոպացիները զոհաբերեին իրենց համար այդքան փայլուն հնարավորությունը՝ հանուն մի ինչ-որ ժողովրդավարության։ Չափազանց պինդ են նրանք աչք փակել իշխանությունների կողմից ժողովրդավարական նորմերի անթիվ խախտումների և դեպի բռնապետություն սրընթաց սահքի վրա, որպեսզի հանկարծ անկեղծորեն մտահոգվեն «ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների» առիթով։

Ասենք, ինքներս էլ վաղուց արդեն հասկացել ենք, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները արևմտյան աշխարհի համար ընդամենը սեփական շահերին հասնելու գործիք են և օգտագործվում են համապատասխանաբար լավ մշակված մեխանիզմների միջոցով։ Վերջին երեքուկես տարիները Հայաստանում դարձել են այդ ճշմարտության բառացիորեն դասական հաստատումը։

Դեսպանատան հայտարարությունից մի քանի օր անց, այն է՝ դեկտեմբերի 10-ին, միանգամից երեք քաղբանտարկյալներ. «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը ազատ արձակվեցին չհեռանալու ստորագրությամբ։ Դա առնվազն տարօրինակ էր, եթե նկատի առնենք այն համառությունն ու լկտիությունը, որով իշխանությունները, անտեսելով օրենքի բոլոր պահանջներն ու հասարակության բողոքները, շարունակում էին պահել նրանց ճաղերի հետևում։ Եվ քչերն ուշադրություն դարձրեցին այն հանգամանքին, որ խափանման միջոցը փոխվեց անմիջապես այն բանից հետո, երբ ամերիկացիները մեղմորեն նախատեցին Փաշինյանին. իբր՝ չափն անցնում ես, մի քիչ քաշիր սանձերդ, որպեսզի մենք էլ կարողանանք գոնե մի քիչ արտաքին պարկեշտություն պահպանել։

Դեկտեմբերի 15-ին Նիկոլը մեկնեց Բրյուսել։ Այցը լայնորեն գովազդվել էր որպես «խաղաղ դարաշրջանի մեկնարկ տարածաշրջանում»։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հասցեին ջերմագին ողջույններ ու գովասանական ուղերձներ թափվեցին Արևմտյան բոլոր կենտրոններից։ Երեսպաշտությունն ու կեղծիքը անցնում էին ամեն ամեն չափ ու սահման՝ ընդամենը մեկ տարի առաջ ավարտված սարսափելի պատերազմի խորապատկերին, որի ընթացքում խախտվել են հարյուր հազարավոր հայերի իրավունքները, այդ թվում նրանցից հազարավորների պարագայում՝ կյանքի իրավունքը։ Հրճվանքը գագաթնակետին հասավ, երբ Ալիևը Բաքու վերադառնալուց հետո տուն ուղարկեց 10 հայ գերիների, ինչն ընդհանրապես ասած նրա պարտավորությունների մասն էր, բայց բնավ ոչ «բարի կամքի» և խաղաղ մղումների դրսևորում։ Սակայն Եվրոպան և ԱՄՆ-ը շնչակտուր էին լինում հույզերից. բնականաբար՝ նաև «խաղաղարար» էստաֆետը Ռուսաստանից խլելու հաջող փորձի պատճառով։

Մինչդեռ «էստաֆետը» փոխանցվել էր ոչ միայն կեղծ խաղաղարարության համատեքստում։ Վերադառնալով Երևան՝ Փաշինյանը, Ալիևից ոչ պակաս լայն ժեստով, կարգադրեց գրավի դիմաց ազատ արձակել ևս երկու ընդդիմադիրների՝ տեղական իշխանության ղեկավարների։ Դեկտեմբերի 17-ին ազատ արձակվեց Գորիսի փոխքաղաքապետ, պատերազմի հաշմանդամ Մենուա Հովսեփյանը, իսկ հաջորդ օրը՝ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը: Երկուսն էլ, ինչպեսև վերը նշված պատգամավորները, ստիպված են եղել անազատության մեջ անցկացնել մի քանի ամիս, չնայած մեղադրանքի աղաղակող հիմնազրկությանը։ Այս հանգամանքը, ինչպես նաև այն փաստը, որ նրանք բոլորը քաղբանտարկյալներ են, նախկինում ոչ մի կերպ չէր կասեցնում «ժողովրդավարության բաստիոնի» ղեկավարին։

Սակայն այդչափ ակնհայտ խախտումներն ու օրենքի պահանջների ծայրաստիճան լպիրշ անտեսումը, ըստ երևույթին, մտահոգել է վերջապես նրա տերերին. մի տեսակ չափից ավելի ակնբախ է իրենց խնամառուն հատում բոլոր կարմիր գծերը, հարվածի տակ դնելով իրենց՝ «ժողովրդավարներին»։ Իսկապես, արդեն ավելի քան 3 տարի Հայաստանում արևմտյան երկրների դեսպանությունների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հասցեին չեն դադարում կշտամբանքներ հնչել այն առնչությամբ, որ նրանք համառորեն լռում են՝ ջանադրաբար «չնկատելով» բռնապետական մեթոդները, որոնցով Փաշինյանը հաշվեհարդար է տեսնում քաղաքական ընդդիմախոսների հետ, կոպիտ բռնություն կիրառելով նաև բողոքի ակցիաների մասնակից շարքային քաղաքացիների դեմ։ Չափից ավելի ակնհայտ է մոտեցումների տարբերությունը նախկին իշխանությունների նկատմամբ, որոնց յուրաքանչյուր զանցանքն ու չնչին իսկ սխալը նրանք նշմարում էին, հանդես գալով բարձրագոչ հայտարարություններով, և ներկայիս իշխանության նկատմամբ, որը ոտնահարել է հնարավոր ու անհնար բոլոր նորմերն ու կանոնները։

Ահա և որոշել են Վաշինգտոնն ու Բրյուսելը փոքր-ինչ քաշել Նիկոլիկի սանձերը՝ նրա ականջին շշնջալով ու խորհուրդ տալով, որ այդ աստիճան լկտիաբար չափը չանցնի և ձևացնի կամայականության թեթևակի թուլացում։ Ավելի վաղ Freedom House-ի կարգի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և լրագրողական հանրության մի քանի անգամ արտահայտած դժգոհությունները Հայաստանի իշխանությունները բացահայտ անտեսել են, ուստի արդեն ուղղակի միջամտություն պահանջվեց պետական մակարդակով, որպեսզի մի քիչ կարգի հրավիրեն նորահայտ բռնապետիկին։ Թրեյսին գրեց, Միշելը շշնջաց, և Նիկոլը չկարողացավ չհնազանդվել։

Ճիշտ է, խոսքը հենց «մի քիչ»-ի մասին է, քանզի դրանից անմիջապես հետո մի շարք համայնքներում տեղական իշխանության ընտրված ներկայացուցիչների ձերբակալությունները ո՛չ ԱՄՆ դեսպանատունը, ո՛չ Եվրամիությունը կրկին «չնկատեցին»։ Ինչպեսև Երևանի քաղաքապետի հակաժողովրդավարական տապալումը (ինչպես էլ որ վերաբերվենք Մարությանի անձին) և ընտրովի պաշտոնում իշխանության դրածոյի կոպիտ նշանակումը։

Երկակի չափանիշների մասին խոսելն արդեն մի տեսակ անհարմար է, իրոք. այնքան ցուցադրական ու բացահայտ ցինիկ է ամեն ինչ։ Եվ նույնիսկ ոչ այնքան Հայաստանում տեղի ունեցող ներքին իրադարձությունների համատեքստում, որքան նախևառաջ թուրք-ադրբեջանական դաժան ագրեսիայի և դրա հետևանքների, որոնց մասին, ինչպես պարզվում է, բոլորը համերաշխ մոռացել են և նույնքան հուզիչ-համերաշխորեն ցուցադրական «խաղաղություն» են կերտում տարածաշրջանում։ Չխնայելով նույնիսկ մանկական պսիխիկան և օգտագործելով մանկական երաժշտական մրցույթը վատ հոտ արձակող ու ծայրեծայր շինծու «խաղաղարար» շոուների համար։

Ժողովրդավարության համաշխարհային սյուներից ոչ մեկը չի ցանկանում մտաբերել ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքի և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման մասին միջազգային իրավունքի խախտումը թուրքերի կողմից. բոլորն անասելի ուրախ են և համամիտ այն ամենին, ինչ կատարվել է միջազգային հանցագործների՝ Ալիևի և Էրդողանի կողմից, հենց ուժով ու զենքով:

Ոչ ոք չի ցանկանում հիշել սեփական տներից վռնդված և հայրենազրկված տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների, զանգվածային ոչնչացման արգելված զինատեսակների կիրառման, տարածաշրջանում հազարավոր միջազգային վարձկան-ահաբեկիչների ներգրավման, բազմաթիվ հուշարձանների, այդ թվում՝ հայկական մշակութային ժառանգության գլուխգործոցների ավերման, բարբարոսների կողմից անպաշտպան ու անմեղ մարդկանց դաժան սպանությունների մասին: Բոլորը ջանադրաբար աչք են փակում արդեն հետպատերազմյան շրջանում Արցախի ժողովրդի նկատմամբ շարունակվող ցեղասպանության վրա. համաձայն ՄԱԿ-ի կոնվենցիայի, ցեղասպանություն է համարվում ոչ միայն էթնիկ (և մի շարք այլ) հատկանիշով սպանությունը, այլև « որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:

Մարդու իրավունքները, որոնք պատերազմի ընթացքում ու դրանից հետո հազարապատիկ ոտնահարվել և ոտնահարվում են Հայաստանում ու Արցախում, ուժի համաշխարհային կենտրոններին չեն հուզում, երբ խոսքը վերաբերում է աշխարհաքաղաքական շահերին. վաղուց հայտնի այս ճշմարտությունը փայլուն կերպով ապացուցվում է այն օրինակով, թե ինչպես հաշվեհարդար տեսան և շարունակում են դա անել Հայաստանի ու Արցախի հանդեպ: Եվ տվյալ դեպքում պետք չէ պատճառաբանել դա նրանով, որ Հայաստանի իշխանություններն իրենք էլ ծպտուն անգամ չեն հանում վերոթվարկյալ ամենի մասին։ Քանզի Հայաստանի իշխանությունները հենց արտաքին խաղացողների կողմից ձևված ու կարված վարագույր են, որով քողարկում են հայ ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունները։

Վարագույր, որի անցքերը ժամանակ առ ժամանակ պետք է կարկատել, որպեսզի այնքան էլ չերևա սեփական մեղքն ու պատասխանատվությունը այդ հանցագործությունների համար։