Իրանը «օմիկրոն» շտամի պատճառով փակել է հարևան երկրների հետ ցամաքային սահմանը
Իրանի իշխանությունները կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման սպառնալիքի պատճառով 15 օրով փակում են հարևան երկրների հետ ցամաքային սահմանը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի մաքսատան պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային շտաբի և ՆԳՆ հրամանի համաձայն՝ «օմիկրոն» շտամի տարածումը կանխելու նպատակով այսօրվանից 15 օրով ուղևորների համար փակ կլինի հարևան երկրների հետ ցամաքային սահմանը»,- մեջբերում են նրան գործակալությունը։
Պաշտոնյան հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Պակիստանի և Հայաստանի նկատմամբ սահմանափակումներին։ «Ինչ վերաբերում է Թուրքմենստանին, ապա կորոնավիրուսի համաճարակի սկզբից ցամաքային սահմանով ուղևորափոխադրումներ չկան»,- հավելել է նա։
Նոյեմբերի 26-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Աֆրիկայի հարավում հայտնաբերված B.1.1.529 կորոնավիրուսային շտամը անվանել է հունարեն «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ տեսակը «մեծ թվով մուտացիաներ ունի, որոնցից մի քանիսը մտահոգիչ են»:
Իրանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու առաջին դեպքը դեկտեմբերի 19-ին է գրանցվել, տեղեկացնում է News.am-ը։