Հռոմի պապը «ժողովրդագրական ձմեռը» ողբերգություն է անվանել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ ափսոսանք է հայտնել, որ ներկայումս շատ զույգեր նախընտրում են երեխա չունենալ՝ «ժողովրդագրական ձմեռը» անվանելով ողբերգություն, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Ես շատ անհանգստացած եմ, առնվազն այստեղ՝ Իտալիայում, ժողովրդագրական ձմռան համար։ Թվում է, թե շատերը կորցրել են սերունդը շարունակելու ցանկությունը։ Շատ զույգեր նախընտրում են երեխա չունենալ կամ միայն մեկ երեխա ունենալ, ասել է Պապը: - Մտածեք այդ մասին: Սա ողբերգություն է»։
«Եկեք անենք հնարավոր ամեն բան, որպեսզի հաղթենք ժողովրդագրական ձմեռը, որը դեմ է մեր ընտանիքներին, մեր երկրին և մեր ապագային»,- կոչ է արել Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։
Ֆրանցիսկոսը հիշեցրել է, որ Ընտանիքի համաշխարհային հանդիպումը տեղի կունենա Հռոմում 2022 թվականի հունիսին։ Այս միջոցառումը, Երիտասարդության համաշխարհային օրերի հետ մեկտեղ, կարևոր համագումար է Հռոմի կաթոլիկ եկեղեցու համար: Ընտանիքների համաշխարհային ժողովը կազմակերպվում է մոտ երեք տարին մեկ անգամ: Երիտասարդության համաշխարհային օրերը սկսվել են որպես կաթոլիկ երիտասարդության տոն՝ Հովհաննես Պողոս II-ի նախաձեռնությամբ, անցկացվում են երկու-երեք տարին մեկ տարբեր երկրներում, իսկ Հռոմի պապը սովորաբար մասնակցում է դրանց, տեղեկացնում է News.am-ը: