ՈՏՆԱՏԱԿ ՏՐՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՐԳՆ ՈՒ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ի թիվս մյուս ոլորտներում համակարգային ձախողումների ու անպատվության՝ 2021-ը կհիշվի նաև որպես դատական և իրավապահ համակարգի սանձարձակ ապօրինությունների տարի։ Դատաիրավական մարմիններն այդպես էլ օրինական և գործուն դիմադրություն ցույց չտվին վարչախմբի կամայականություններին և անօրինական պահանջներին, չհաշված հատուկենտ դատավորների սկզբունքային պահվածքը։ Սա այն դեպքում, երբ մասնավոր զրույցներում ոստիկանները, քննիչները, դատախազները հիմնականում ոչ նորմատիվ բառամթերքով են խոսում իրենց անընդմեջ փոփոխվող պետերի և երկրի իշխանության մասին։

2018-ից Նիկոլ Փաշինյանի հետապնդած, առնվազն 2019-ի մայիսից դա հրապարակայնորեն ի ցույց դրած նպատակը՝ իրենով անել դատաիրավական համակարգն ամբողջությամբ, գրեթե իրականացել է։ Փաշինյանը տասնյակ անգամ ուղիղ տեքստով խոստովանել է, որ այո՛, «ժողովրդին», ասել է թե՝ իրեն, հարկավոր են հլու-հնազանդ կամակատարներ, որոնք արդարադատություն իրականացնելիս կգործեն «ժողովրդի կամոք»՝ անմռունչ ենթարկվելով գործադիր իշխանությանը, և ցավալիորեն՝ նա այդ նպատակի իրագործման հարցում հիմնականում հաջողել է։ Վկան՝ այս պահին մոտ մեկ տասնյակի հասնող քաղբանտարկյալների գոյությունը։

Վարչապետի թեթև ձեռամբ «մերը» հռչակված ոստիկանները դարձել են իրենը, ավելի ճիշտ՝ իր անվտանգ երթևեկության սպասարկուները՝ օպերատիվ աշխատանքով զբաղվելու կամ հասարակական կարգը պահպանելու փոխարեն։ Փաշինյանի մանկության ընկեր ոստիկանապետին արժե հիշեցնել, որ իր ղեկավարած համակարգում ուսադիր են կրում և երդում են տալիս ոչ թե օրվա պատեհապաշտ իշխանությանը կուրորեն և անվերապահ սպասարկելու, այլ օրենքին, այն է՝ պետությանն ու ժողովրդին անբասիր ծառայելու, նրա շահը պատվով պաշտպանելու ազնիվ մղումով։ Կա՞ որևէ մեկը, որը կարծում է, թե վարչապետը կամ ոստիկանապետը կարող են ողջամտորեն արդարացնել ոստիկանության ներուժի նման ոչ նպատակային օգտագործումը մեկ անձի պաշտպանության համար։ Ընդ որում, խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլև, օրինակ, «սուր գրառումներից» նրան պաշտպանելու մասին է։

Կառավարության նիստերին պարբերաբար մեկտեղվող ուժային գերատեսչությունների ղեկավարներին՝ ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին, գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի նախագահին պետք է հիշեցնել, որ քրեական հետապնդման ենթակա է նաև հանցավոր հրամանի կատարումը, ոչ միայն այն տալը։ Այս անձինք և նրանց ենթակաները թերևս հույս ունեն «հրաման էի կատարում» ամենազոր արտահայտությամբ փրկել իրենց կաշին, սակայն ամեն պահի ապացուցում են սեփական պաշտոնավարումը պետական ու ազգային շահից վեր դասելու արատավոր մտայնությունը։ Բազմամարդ հանրահավաքներին և անգամ սակավաթիվ փողոցային ակցիաներին ցուցարարներին ոչ թե օրենքով նախատեսված ժամանակ տալը, այլ միանգամից բիրտ հարկադրանքի միջոցներ կիրառելն իրոք որ աննախադեպ է, այն դեպքում, երբ, օրինակ, Վարչական դատարանի ակտով՝ սահմանված է խաղաղ հավաքների ազատություն։

Եվ ուրեմն՝ անխուսափելի իշխանափոխությունից հետո քննության առարկա պետք է դառնան նաև իրավապահ մարմինների ղեկավարների գործողությունները և կամ անգործությունը։ Դավաճանության ակնհայտ հանցակազմերը պարտակող ու կոծկող գլխավոր դատախազից ու Քննչական կոմիտեի նախագահից մինչև անհարկի և անհամաչափ ուժ կիրառելու, ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու հրաման տվող ոստիկանության ղեկավարությունը պետք է պատասխանատվություն կրեն։ Միայն Փաշինյանի՝ օրեր առաջ հնչեցրած այն միտքը, թե Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու հնարավորությունները, բավական պիտի լիներ գլխավոր դատախազի համար՝ պետական դավաճանության հոդվածով նրա դեմ քրեական հետապնդում հարուցելու, եթե իհարկե, նա գեթ չնչին մասնագիտական ու տղամարդկային արժանապատվություն ունենար։