Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԻՄՆՈՎԻՆ ԵՎ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ՍԵՐՏԱՃԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գրում է.

«Փաշինյանի ասուլիսը հերթական անգամ բացահայտեց նրա արժեհամակարգը, կամ, ավելի ճիշտ, դրա բացակայությունը։ Մինչ բովանդակային անդրադարձը, նշեմ, որ անկախ նրանից՝ Փաշինյանն այդ արտահայտություններն արել է մտածված (պայմանավորված) կամ ինչպես միշտ՝ առանց հետևանքների մասին մտածելու, սա ծննդյան կապակցությամբ արված նվեր էր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջը՝ Ալիևին, որը նույն օրն օկուպացված Հադրութում ռազմական նոր միավոր էր հիմնում։

Այստեղ պատահական ոչինչ չկար, սա մինչ այդ ասված մտքերի, խեղաթյուրման, մանիպուլյացիայի հանցավոր շղթայի շարունակությունն էր: Հիշեք նույն հանրաքվեի հետ կապված Փաշինյանի հայտարարությունները, հիշեք այս իբրև թե բացահայտումները, որոնց մասին դեռ ԱԺ-ում էր խոսում Փաշինյանը։ Այս մանիպուլյացիաներն ու բանակցային գործընթացի պատմությունը խեղաղթյուրված ներկայացնելը նոր չէ։ Բայց ես մեկ այլ կարևոր հանգամանքի վրա ուշադրություն կհրավիրեի։ Պարզ է, չէ՞, որ այն, ինչ այստեղ մեր հանրության համար հայտարարում է Փաշինյանը, լսելի է նաև Հայաստանի սահմաններից դուրս, և, միաժամանակ, նա նույնը խոսում է նաև միջազգային գործընկերների հետ շփումներում։ Եվ թերևս Հայաստանի վարչապետի հենց այսպիսի դիրքորոշումն է պատճառը, կամ պատճառներից մեկը, որ միջազգային փաստաթղթերից աստիճանաբար դուրս են գալիս Արցախի կարգավիճակին, դեօկուպացիային, արցախահայության անվտանգության երաշխիքներին առնչվող կարևորագույն հարցերը։ Եվ սա իսկապես լուրջ մարտահրավեր է մեզ համար։

Մեկ այլ կարևոր հանգամանք ըստ էության, այս ասուլիսը և դրան հաջորդած ֆեյսբուքյան գրառումները հերթական անգամ փաստում են, որ Փաշինյանն այսօր բանակցային գործընթացի տարրերը, այդ թվում, մանիպուլյացիայի հստակ կիրառմամբ, մեկնաբանում է շատ ավելի հօգուտ Ադրբեջանի, քան երբևէ այն մեկնաբանել են նույնիսկ ադրբեջանցիները։ Սրանով լրջագույն հարվածի տակ են դրվում, այդ թվում, բանակցային գործընթացի ապագան և Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու հետագա հնարավորությունները։ Արդյունքում, միանշանակ կարող եմ ասել՝ կասկած չկա՝ Փաշինյանը հիմնովին և ամբողջապես սերտաճած է ադրբեջանական շահերին։ Այո՛, շատ կարևոր հարց է՝ այդ սերտաճումը եղել է հենց սկզբից, թե ընթացքում, բայց այդ հարցը կպարզի արդեն քննությունը՝ այս իշխանության հեռացումից անմիջապես հետո։

Այսօր մի բան առավել քան հստակ է՝ Փաշինյանն ու իր թիմը րոպե առաջ պիտի հեռանան։ Նրանք ոչ միայն ջախջախել են մեր պետության և պետականության հիմքերը, այլ շարունակում են ջախջախել մեր և մեր երեխաների, մեր երկրի ապագան՝ յուրաքանչյուր ավել օրով ու ժամով։ Այսօր նրանց հայտարարությունների ու գործողությունների արդյունքում հարցականի տակ է դրվում Արցախի, իսկ ժամանակի ընթացքում, վստահ եմ, նաև Հայաստանի գոյության իրավունքը։

Ինչ վերաբերում է Արցախից եկող ազդակներին, նախ նշեմ, որ ողջունում եմ ՄԻՊ-երի համատեղ հայտարարությունը և արագ արձագանքը։ Ես ողջունում եմ նաև Արցախի ԱԺ հայտարարությունը, որն, անշուշտ, անհրաժեշտ քայլ էր, բայց ուզում եմ նշել նաև, որ Արցախի մեր որոշ գործընկերները շատ ավելի վաղ պետք է կանգնեին սեփական պետության սուբյեկտայնության պահպանողի ու պաշտպանողի դիրքերում։ Իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը դեռ առիթ կունենանք անդրադառնալու»։

Panorama.am