ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ԻՇԽԱՆԱՏԵՆՉԸ՝ ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ

Նիկոլ Փաշինյանի իշխանախումբը վաղուց արդեն չի քաշվում արդարադատության դեմ բացեիբաց իրականացվող ոտնձգություններից, բայց պետք է լավ իմանա, որ վաղ թե ուշ դատվելու է անկախ դատական համակարգը խորտակելու, իշխանազանցության և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Վարչապետի մերձավոր շրջապատում, փաստորեն, չկա մեկը, որը կհուշեր՝ գործադիր իշխանության ղեկավարը չպետք է որևէ կերպ միջամտի դատական ատյանների, օրինակ՝ Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությանը։ Բայց դե բարձր դատարանի՝ պատերազմին նախորդած զավթումից հետո Փաշինյանն իր ոտքով է գնացել ՍԴ և հանդիպել իր «նշանակած» (ձևականորեն՝ ԱԺ-ի ընտրած) դատավորներին, վստահաբար՝ նաև ուղղակի ցուցումներ տվել նրանց։

Այս ակնհայտ հակաօրինական վարքագիծը նորություն չէ, անցած տարի էլ Փաշինյանը դատարանների նախագահներին իր մոտ խորհրդակցության էր հրավիրել և ինչ-որ վիճակագրություն ամփոփել։ Այս անձի հիվանդագին իշխանատենչությունը որևէ կերպ թույլ չի տալիս ըմբռնել, որ դատարանների և դատավորների գործունեության նկատմամբ միջամտությունը քրեորեն պատժելի է, ով էլ լինի միջամտողը։ Նա չի կարող համակերպվել դատական համակարգի վերջին ու եզակի անկախ օղակների գոյության հետ։

Լիովին կամակատար նախաքննության մարմինները բավարար չեն Փաշինյանին, նա ձգտում է ամեն կերպ վերահսկողության տակ պահել նաև դատարանները՝ և՛ ուղղակիորեն, և՛ ԲԴԽ-ի միջոցով։ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հաշվի առնելով տասնյակ քաղաքականացված քրեական գործերի գլխովին շինծու բնույթը, ակնհայտորեն կարծում են, թե իրենց միակ առաքելությունը վարչապետի ապօրինի հանձնարարականներն անշեղորեն իրագործելն է։ Այդ ճանապարհին քննիչներն ու դատախազներն էլ չեն գիտակցում, որ սև գործի հանցակիցներ են դառնում՝ ապագայում պատասխան տալու անխուսափելի հեռանկարով։

Իհարկե, անցած երեքուկես տարում իշխանության հակաիրավական ցուցումներն առանձնակի ժրաջանությամբ կատարեց արդեն լուծարված Հատուկ քննչական ծառայությունը՝ նրա տխրահռչակ պետ, այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի ղեկավարմամբ։ Փաշինյանը բարձր գնահատեց հարյուրավոր ապօրինի քրգործերի հարուցումը, ընդդիմադիրների նկատմամբ ձերբակալության ու կալանքի չհիմնավորված միջնորդությունները, և ՀՔԾ պետը նախ արժանացավ Մխիթար Գոշի մեդալի, որն ուղղակի ծաղրանք է իրավակարգի և օրենքի նկատմամբ, ապա և նշանակվեց նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Այս անձը վաղուց հատել է բարոյականության և մասնագիտական էթիկայի բոլոր կարմիր գծերը, ոտնատակ է տվել օրենքն ու իրավունքի գերակայությունը, և անգամ մամուլի հրապարակումները բավարար են պնդելու, որ իշխանափոխությունից հետո նա վստահաբար դատապարտվելու է։

Իրավապահ համակարգի աշխատակիցների շրջանում, ցավոք, աշխատանքի ժամանակավոր կորստի վտանգը գերակայեց (չհաշված ոստիկանության մի քանի սկզբունքային սպաներին) հայրենազրկման և մեկ անձի պաշտպանության գործիք դառնալու անպատվության նկատմամբ։ Ոստիկանությունն իբրև Ներքին գործերի նախարարություն վերակազմավորելով՝ ոստիկանները, ցավոք, չեն դադարելու ակնհայտ ապօրինի հրամաններ գործադրելուց՝ աշխատազուրկ դառնալու վախից դրդված։ Մինչդեռ եթե իշխանափոխության ռեալ հնարավորության պահին դավադիր իշխանության դեմ ելած ոստիկանների թիվն առնվազն մի քանի տասնյակ լիներ, մեծ հավանականությամբ՝ իշխանության ուժային հենասյունը պարզապես կփլվեր, և Փաշինյանին այլ տարբերակ չէր մնա, քան գրել հրաժարականի տեքստը։