ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ, ՈՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԵՆՔ ԼՍԻ
Ժամանակ առ ժամանակ տարբեր կասկածելի հարթակների ու նախաձեռնությունների սնանկության հարցում վերջնականապես ես համոզվում, երբ հանրությանը կոչ են անում միասնական լինել՝ իշխանությանը քողարկված աջակցելու համատեքստում։ Այո՛, ազգային միասնությունը մեր անվտանգ գոյության հիմնական երաշխիքն է, բայց ո՞վ էր խնդրում իշխանությանը իր պաշտոնավարման հենց սկզբից անթույլատրելի սահմանաբաժան գծել իրենց աջակիցների և մյուսների միջև՝ պիտակավորելով վերջիններիս։ Այս առումով պաշտոնանկ քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձի՝ «Ով ՔՊ-ից չէ, հակահեղափոխական է» թեզի մերկացումն իրոք ուշագրավ էր։
Հետաքրքրական է՝ մեկ տարի առաջ ԵՊՀ-ի, ԳԱԱ-ի, մյուս գիտակրթական հիմնարկների՝ արդեն փոփոխված ղեկավարությամբ անձնակազմերը շարունակո՞ւմ են պահանջել Փաշինյանի հրաժարականը, թե՞ հաշտ են նրա պաշտոնավարման հետ։ Շահառու ՀԿ-ները, տնտեսության տարբեր ոլորտներում առաջատար ընկերություններն ու ձեռնարկությունները, ամիսը մեկ Փաշինյանի հետ հանդիպող արտախորհրդարանական կուսակցապետերն այլևս ասելիք կամ փոփոխության պահանջ չունե՞ն։ Եթե հղում են անում ՔՊ-ի ընտրազանգվածին, թող չմոռանան, որ այն քվեարկելու իրավունք ունեցողների 30 տոկոսն էլ չի կազմում։
Այդ ի՞նչ բացառիկ սեր ու նվիրում վայելող իշխանություն է, որն օրեցօր բազմապատկում է սեփական թիկնազորը, շարունակաբար ճոխացնում իր կեցության պայմանները՝ կառավարական առանձնատներից մինչև ծառայողական ավտոմեքենաներ, իրավապահ և դատական ամբողջ համակարգն էլ բութ գործիքի վերածած՝ ծուռ հայելիների արդարադատություն է իրականացնում։ Երևի ենթադրում են՝ իրենք պիտի արքայական շքեղությունները վայելեն, հանրությանն էլ կերակրեն անցյալի քննարկումներով՝ ապագայի խիստ մշուշոտ հեռանկարով։ Չէ՞ որ մանիպուլյացիաների օրական չափաբաժինն արդեն անպատկերացնելի, բայց դեռևս մարսվող չափերի է, ուրեմն՝ ինչո՞ւ չշարունակել։
Ավելին, Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը ևս վստահաբար մոլորեցման, կեղծավորության ու ստի հերթական վարպետության դասն է լինելու։ Հո ցավալի արձանագրումներ չի՞ անելու, այս մոխիրների, պետականության կորստի վտանգի, դեռևս սպասվող աննախընթաց ճգնաժամերի, լինելիության ջրբաժանի առաջ կանգնած լինելու մասին չի՞ խոսելու. իր ընտրազանգվածը որևէ դեպքում չպետք է միացնի ռացիոնալ մտածողությունը։ Կհպարտանա մեկ-երկու հետպատերազմյան արդյունքով, որոնք կմատուցի որպես անձնական լավություն զոհերի ընտանիքներին։ Հնարավոր է՝ նույնիսկ սահմանադրական սպասվող հանրաքվեն ներկայացնի որպես Հայաստանում ժողովրդավարության վերջնական հաստատման կռման, մի նոր հնարավորություն, որից մենք միայն շահելու ենք։
Զուգահեռ իրականության մեջ Նիկոլ Փաշինյանի Տարեմուտի ուղերձ, բնականաբար, գոյություն չէր ունենա, լավագույն դեպքում նա որևէ քրեակատարողական հիմնարկից բաց նամակ կգրեր իր սակավաթիվ ընթերցողներին։ Իսկ նրան փոխարինած արժանապատիվ իշխանությունն արդեն կխոսեր անցնող տարվա ընթացքում 44-օրյա պատերազմի բացահայտված դավադիր դրվագների մասին։ Նոր վարչապետը Սյունիքի անվտանգության ապահովումը կհռչակեր համազգային խնդիր, կբացատրեր թերուսներին, որ մինչև Թուրքիայի հանրապետության հռչակման մեկդարյա տարեդարձը 2023-ին Անկարան և Բաքուն որոշել են ամեն գնով տիրանալ Սյունիքին՝ լինի դա միջանցքի, տնտեսական ներկայության, ուղղակի զավթման, թե մի այլ կերպ։ Եվ այդ ամենին անհաղորդ երևանցուն կհասկացներ, որ Գորիսի կամ Կապանի անկումից հետո Երևանի կորուստն անխուսափելի է։
Թշնամու՝ ամեն գնով սահմանազատում սկսելու պարտադրանքին այլընտրանքային վարչապետը հրապարակավ կհակադարձեր, որ մենք անգամ բարեկամ Վրաստանի հետ չենք ավարտել այդ գործընթացը, ինչո՞ւ պետք է անավարտ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանի հետ արագորեն սահմանագիծ որոշենք։ Ցանկացած խորհրդային քարտեզ դեմ տալու դեպքում նա վստահաբար կպահանջեր ոչ միայն Արծվաշենը, կխոսեր ոչ միայն Հադրութի և Շուշիի շրջանների, այլ Շահումյանի ապազավթման անհրաժեշտության մասին։ Թող որ դա անիրագործելի լիներ, բայց հայկական կողմը ցույց կտար իր նախապայմանն ու ամեն ինչ չզիջելու վճռականությունը։ Ի վերջո, միջազգային հարթակներում առավել անկաշկանդ կլիներ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին խոսելիս, քանի որ ինքը չի ստորագրել, այն էլ՝ պարտադրանքի տակ, ավելին՝ կպնդեր Արցախի կարգավիճակի որոշման և մեզ մնացած տարածքում որևէ սադրանքի իսպառ բացառման հարցերը։ Ցավոք, այս ուղերձը 2022-ի Տարեմուտին էլ չենք լսի, քանի որ Հայաստանը մոխիրների մեջ թաղած իշխանությունը դեռևս պաշտոնավարում է։