Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամները համայնքի ղեկավար ընտրեցին իրենց թեկնածուին
14 կողմ, զրո դեմ, զրո անվավեր ձայներով Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվում «Ահարոն Խաչատրյան» դաշինքի թեկնածու Ահարոն Խաչատրյանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Վարդենիսի քաղաքապետարանում հայտարարեց Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամ Սաթենիկ Մինասյանը:
Նշենք, որ մինչ այդ ավագանու ՔՊ-ական անդամ Նաիրա Մանուչարյանը հայտարարել էր, որ իրենց ոչ ոք չի տեղեկացրել, որ ավագանու ընդհատված նիստը այսօր շարունակվելու է, այն նախատեսված է հունվարի 3-ին, հետևաբար իրենք չեն մասնակցել այդ նիստին: Նիստը, ըստ էության, ընթանում էր առանց ՔՊ-ի անդամների, որոնք հարևան սենյակում են:
Նաիրա Մանուչարյանը տեղի ունեցողը համարեց դավադրություն և հանցավոր գործունեություն:
Այդուհանդերձ, ավագանու ընդդիմադիր 14 անդամները հավաքել և նիստ են անցկացրել և ընտրել համայնքի ղեկավար:
Ահարոն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ավագանու ընդդիմադիր խմբակցություններին, իրեն վստահելու կապակցությամբ:
Այնուհետև նրանք որոշեցին, որ ավագանու նստաշրջանի առաջին օրը կլինի փետրվարի 8-ին:
Սակայն բանն այն է, որ ավագանու նիստը չէր արձանագրվում, քանի որ աշխատակազմի ղեկավար Կամո Զարոյանը հեռացել էր և չէր վերադարձել՝ անօրինականհամարելով այդ նիստը:
Նշենք, որ այսօր Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստն էր, սկզբում քվորում ապահովվեց, սակայն միջադեպ եղավ համայնքապետի պաշտոնակատարի, Քավագանու ՔՊ-ական անդամ Արամ Մելքոնյանի և «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամների միջև, որից հետո ոստիկանություն հրավիրվեց, փորձեցին բերման ենթարկել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամներին: Արդյունքում նիստն ընդհատվեց: Աշխատամկազմի ղեկավարը հայտարարեց, որ հաջորդ նիստը պետք է գումարվի վաղը, սակայն քանի որ ոչ աշխատանքային է, կգումարվի հունվարի 3-ին: Սակայն ընդդիմադիր անդամները որոշեցին, որ այսօր իրավունք ունեն նիստը շարունակել:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, և մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։
Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, և նա կալանավորվեց։
Այսօր Ոստիկանությունը փորձում էր բերման ենթարկել ավագանու ընդդիմադիր մեկ այլ անդամի՝ Ահարոն Խաչատրյանին, որը համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն է։ Ավագանու անդրանիկ նիստը տապալվել էր, համայնքապետ չէր ընտրվել։