Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը հանձնարարել է բարձրացնել մարտունակությունը Սև լճի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը ստուգել է Լաչինի շրջանում տեղակայված զորամասերը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, «բարդ կլիմայական պայմաններում ծառայություն իրականացնող անձնակազմի հետ հանդիպման ժամանակ գլխավոր շտաբի պետը մարտունակության հետագա բարձրացման և պետական սահմանին մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահելու հանձնարարականներ է տվել, այդ թվում Գարագյոլ լճի ուղղությամբ։ Այնուհետև զորամասի անձնակազմի մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, վերլուծվել են 2021թվականի արդյունքները։ Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարարի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները, ինչպես նաև սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ անցկացվող աշխատանքները։ Հանձնարարականներ են տրվել մարտական-ծառայողական գործունեությունը բարելավելու ուղղությամբ», տեղեկացնում է News.am։

Հիշեցնենք, որ «Գարագյոլ լիճը» Սև լիճն է՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական բանակի ներխուժման ուղղություններից մեկը։