Ադրբեջանական ծառայությունները Ֆեյսբուքի արցախյան տիրույթում հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր են տարածում. Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների եւ լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել եւ փորձել վախի մթնոլորտ ստեղծել։

«ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի եւ զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին»,- ասվում է Արցախի ԱԱԾ-ի տարածած  հաղորդագրության մեջ։

News.am