Իշխող խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չառաջադրեց, նիստը փակվեց

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր ևս հանձնաժողովի նախագահի տեղակալ չընտրվեց։

Նիստին ներկա էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 4 անդամ։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց՝ իշխող խմբակցությունը թեկնածու չի առաջադրել, ուտսի նիստը փակված է։

«Իշխող խմբակցությանն է անցել թեկնածուի հարցը: Իշխող խմբակցությունը թեկնածու չի ներկայացրել: Նշանակում է՝ օրակարգում հարց չունենք: Նիստը համարում եմ փակված»,- հայտարարեց նա։

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն այսպես, թե այնպես կստանա իր իրավական լուծումը։

«Մինչ դա մեր իրավաբանները երևի մեզ կհուշեն, թե ինչ իրավակարգավորմամբ այդ ձևական մասը կանցկացնենք»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 28-ին կայացած նիստում ևս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չէր առաջադրել: Հանձնաժողովի նախագահը նշել էր, որ կառաջնորդվեն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով՝ մինչև ՔՊ խմբակցության կողմից թեկնածու առաջադրելը: