«Նոր տարի՝ նոր քրեական գործ»․ Նարեկ Սամսոնյանին մեղադրում են իշխանություններին «ծանր վիրավորանք» հասցնելու համար

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։

Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնեց Սամսոնյանը՝ մանրամասնելով, որ քրգործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 1371 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով, այն հարուցելու համար հիմք է հանդիսացել անանուն բողոքը։

Այսօր արդեն իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հրապարակեց որոշումը, որում նշված է, որ ոստիկանության Արաբկիրի բաժին է ստացվել armeniapubliccontrol@gmail.com հասցեից ստացված դիմումն այն մասին, որ Նարեկ Սամսոնյանը «Antifake» հաղորդման ժամանակ ՀՀ վարչապետի և իշխանությունների հասցեին հնչեցրել է ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ։ Փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 1371 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ։