«ԺԵԽ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», կամ՝ ԿՈԼԱԲՈՐԱՑԻՈՆԻՍՏՆԵՐԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ» ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Դեկտեմբերի 24-ին՝ այն օրը, երբ Փաշինյանն իր առցանց հարցազրույցում փաստացի հայտարարեց, որ համաձայն է Արցախի կրկին բռնի ընդգրկմանը ցեղասպան պետության կազմում, Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի «հասարակայնության ներկայացուցիչների» գաղտնի հանդիպում։ Հենց գաղտնի, քանի որ դրա մասին հայտնի դարձավ միայն 2 օր անց։ Հաղորդագրությունը վրդովմունքի ալիք բարձրացրեց նույն այն հայ հասարակայնության շրջանում, որին իբր ներկայացրել են հանդիպման չորս մասնակիցները Երևանից։ Այնուհետ հայտնվեցին հարցազրույցներ, որտեղ նրանք ամեն կերպ փորձում էին արդարանալ, որպես գլխավոր փաստարկ ներկայացնելով այն հանգամանքը, թե գլխավոր թեման, իբր, եղել է հայ գերիների վերադարձը։
Հետզհետե, սակայն, պարզվեց, որ այդ հարցը բնավ միակը չի եղել և ոչ էլ նույնիսկ գլխավորը։ Համենայն դեպս Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց հետևյալը. «Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը հասել է իր նպատակին. հարևան երկու երկրների գիտական և ստեղծագործական էլիտայի ներկայացուցիչների միջև բարիդրացիական շփում է հաստատվել»: Եվ դա կասկած չի թողնում, որ Մոսկվայի «խաղաղարար նախաձեռնության» գլխավոր նպատակը հենց այն կեղծ «խաղաղության դարաշրջանի» կառուցումն է, որում իր գլխավոր առաքելությունն է տեսնում կապիտուլյանտ Փաշինյանը։ «Խաղաղություն»՝ հայկական արյան վրա և բացառապես հայկական շահերի հաշվին։
Եվ հայ ժողովրդի համար տարուց ավելի շարունակվող սարսափելի աղետի, Արցախի կորստի ու Հայաստանի տարածքի մի մասի բռնազավթման, պատերազմի ընթացքում և դրանից անմիջապես հետո գերեվարված հայերին վերադարձնելու Բաքվի մերժման խորապատկերին, երբ դեռևս չեն հայտնաբերվել և չեն նույնականացվել տասնյակ (հնարավոր է՝ հարյուրավոր) հայ զինծառայողների աճյունները, Հայաստանի պետականության կորստի և թուրքացման ակնհայտ սպառնալիքի խորապատկերին, «հայ հասարակության չորս ներկայացուցիչներ» հանգիստ գնում են հանդիպելու և «բարիդրացիական շփում» հաստատելու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։
Ընդ որում, կրկին ընդգծեմ, այդ «ներկայացուցիչներին» ընտրել է բնավ ոչ հասարակայնությունը, որին հարկ չեն համարել նույնիսկ տեղյակ պահել թշնամու հետ «բարիդրացիական շփման հաստատման» մասին. դրանց ընտրել է կապիտուլյանտ իշխանությունը։ Թե ինչ սկզբունքով, կարծում եմ, նշելն ավելորդ է։
Միջնորդ երկրի՝ Ռուսաստանի կողմից մոդերատորի դերում կրկին հանդես է եկել տխրահռչակ «խաղաղարար» Միխայիլ Շվիդկոյը, որը այդ հանդիպման նախօրեին Բաքվի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում բուռն հիացմունք էր արտահայտում «ազատարար» Իլհամ Ալիևի «հերոսության» առնչությամբ: Տեղյա՞կ էին արդյոք այդ մասին հայ ներկայացուցիչները։ Եթե այո, ապա ի՞նչ խղճով են հանդիպել, ժպտացել ու սեղմել նրա ձեռքը։ Եթե ոչ, ապա հարց է ծագում. այդ ինչպե՞ս են նրանք առհասարակ պատրաստվել այդ, այսպես ասած, ոչ այնքան սովորական հանդիպմանը, ընդհանրապես ի՞նչ տեղեկատվության են տիրապետում Արցախյան հակամարտության մասին։
Այո, նման նախագծեր իրականացվել են նաև անցյալում, ընդ որում՝ բազմիցս։ Հանդիպել են ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ, սոցիոլոգներ։ Առավել ուշագրավ էր այսպես կոչված «դեսպանների նախաձեռնությունը», որի շրջանակներում երկու անգամ՝ 2007 և 2009 թվականներին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչներն այցելել են Երևան, Ստեփանակերտ և Շուշի, ինչպես նաև Բաքու, և երեք մայրաքաղաքներում նրանց ընդունել են ամենաբարձր մակարդակով։ Այնպես որ հանդիպման բուն փաստի մեջ ոչ մի նոր բան չկա։ Բայց կա երկու ահռելի տարբերություն, որ արմատապես փոխում է իրավիճակը։
Նախ, այն ժամանակ Հայաստանն ու Արցախը հաղթող կողմ էին և հանգիստ, արժանապատվորեն ու սեփական ուժի և իրավացիության գիտակցումով կարող էին իրենց թույլ տալ խոսել ադրբեջանցիների հետ։ Երկրորդ, երկու անգամն էլ պատվիրակությունում ընդգրկվել են Արցախի ներկայացուցիչները։ Իսկ Բաքվում Ալիևի հետ հանդիպման ժամանակ արցախցի բժիշկ և հայտնի հասարակական գործիչ, Շուշիի ազատագրման ժամանակ զոհված հերոսի այրի Լյուդմիլա Գրիգորյանը Բաքվի դիկտատորի երեսին ասաց այն ամենը, ինչ մտածում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության մասին, ինչպես նաև հստակ ներկայացրեց իր հանրապետության ժողովրդի դիրքորոշումը։
Հայ հասարակայնության անունից դեկտեմբերի 24-ին Մոսկվա մեկնած մարդկանց արգելվել է խոսել Արցախի՝ խոշտանգված, ծվատված, բայց չհանձնվող հայկական Արցախի մասին, որին պատրաստվում է վերջնականապես դավաճանել նրանց այդ հանդիպմանն ուղարկած իշխանությունը։ Արգելվել է խոսել նույնիսկ Հայաստանի մասնակի բռնազավթման մասին։ Իբր՝ վայել չէ մտավորականության ներկայացուցիչներին միջամտել քաղաքականությանը, ասել է թե՝ դրա համար կան քաղաքական գործիչներ։ Հնարավոր է, որ դա արդարացված լիներ ցանկացած այլ պայմաններում։ Բայց ոչ այն ժամանակ, երբ Հայրենիքիդ գլխավերևում մահացու վտանգ է կախված, ոչ այն ժամանակ, երբ հայ գյուղացիներն ապրում են ադրբեջանցի դիպուկահարների նշանառության տակ, որոնք Բաքվից ստացած հրամանով սպանում են հայ տրակտորիստներին ու բանվորներին, և ոչ այն երկրի ներկայացուցիչների հետ, որի ոճրագործ առաջնորդը հրապարակավ, անթաքույց ոտնձգություն է կատարում քո երկրի՝ նրա տարածքի, մշակույթի, պատմության, սրբությունների դեմ, սպառնալով Ցեղասպանության կրկնությամբ։
Երևանյան պատվիրակության անդամները, որոնց, կրկնեմ, հայ հասարակայնությունը չի լիազորել ներկայացնելու իր շահերը, հանդիպել ու բարեհամբույր զրուցել են, օրինակ, Ֆարհադ Բադալբեյլիի հետ, որը նախկինում բազմիցս հնչեցրել է ադրբեջանական քարոզչության հակահայկական ագրեսիվ թեզերը: Փաշինյանի պատվիրակության անդամները տեղյակ չե՞ն եղել այդ մասին։ Իսկ ուղևորությունից առաջ նրանք ընդհանրապես հետաքրքրվե՞լ են, թե հատկապես ում հետ պետք է նստեն նույն սեղանի շուրջ։
Գիտի՞, օրինակ, արդեն խորշելի դարձած և մյուսներից ավելի եռանդագին հարցազրույցներ բաժանող մոլի նիկոլական Ռուբեն Բաբայանը, որ արդեն հանդիպումից հետո նույն այդ Բադալբեյլին հայտարարել Է BBC-ին տված հարցազրույցում, «Ես համարում եմ, որ նման հանդիպումների գլխավոր արժեքը հանգիստ, գործնական մթնոլորտում մեր ընդդիմախոսների ուղեղին հասցնելն է, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի համար գոյություն չունի, այն լուծված է, ուստի հանվել է քաղաքական օրակարգից»: Թե՞ Ռուբեն Բաբայանի համար նույնպես Արցախի հարցն այլևս գոյություն չունի։
Գոյություն ունի՞ արդյոք այդ հարցը անվանի և հարգված կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի համար, որը ժամանակին եղել է «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Իսկ պատերազմում վիրավորված հայ զինծառայողներին բուժող Արմեն Մուրադյանի համար նորմա՞լ է նույն սեղանի շուրջ նստել նման բան հայտարարող անձնավորության հետ, թե՞ ոչ։ Չորրորդ մասնակցին՝ Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին, որը կուրծք է ծեծում ՝ պնդելով, թե հանդիպման է մեկնել բացառապես գերիների վերադարձման նպատակով, նույնպես կարելի է բազմաթիվ հարցեր տալ։ Օրինակ, հիշո՞ւմ է արդյոք նա նույն այդ թատրոնի հրաշալի ներկայացումը, որը պատմում էր Սումգայիթի ցեղասպանության մասին և բեմադրվեց ողբերգական իրադարձությունների 30-ամյա տարելիցին։ Թե՞ սույն տիկինը նույնպես, ինչպես Փաշինյանն ու Բադալբեյլին, համարում է, թե Արցախի հարցը փակված է։
Գուցե ոմանց թվա, թե մենք չափազանց խիստ ենք հայկական կողմից հանդիպման մեկնածների նկատմամբ. ի վերջո, նրանք «ընդամենը» արվեստի ու գիտության գործիչներ են, որոնք բնավ պարտավոր չեն տեղյակ լինել քաղաքական նրբություններից։ Հնարավոր է, և միանգամայն հավանական է, որ այդ հանդիպումների արդյունքներով Ալիևը ողորմածաբար համաձայնի ազատ արձակել ևս մի քանի գերիների, որպեսզի հաճոյանա իր ջանքերի արդյունավետությունն ապացուցել ջանացող Մոսկվային։ Տեղեկություններ կան, որ առաջիկայում Բաքու է մեկնելու ռուս և հայ բժիշկներով ինքնաթիռ, որը Երևան է բերելու մի քանի գերիների։ Եվ բոլորը միաձայն կուրախանան ու կգովերգեն մտավորականներին, որոնց իրականում պարզապես օգտագործում են որպես գործիք կեղտոտ քաղաքական խաղում և այս պայմաններում բացարձակ երեսպաշտ «խաղաղարար» առաքելության նպատակներով։
Քանզի իրականում Ալիևը կվերադարձնի նոյեմբերի 16-ին իր բանակի բռնազավթած հայկական տարածքում հրոսակախմբերի կողմից հատուկ նպատակով գերեվարված (մեծ կասկածներ ունեմ, որ հայկական իշխանությունների համաձայնությամբ) հայ զինվորներին։ Որոնց գերի են վերցրել հենց կեղծ «խաղաղարարության» շրջանակներում հետագա վերադարձի նպատակով, որպեսզի ազնիվ, գթասիրտ ու խաղաղասեր երևան միջազգային հանրության աչքում։ Որը, չգիտես ինչու, ամեն անգամ զմայլվում է մարդկային ճակատագրերի քաղաքական առուծախի մեջ ցուցաբերվող ծայրահեղ ցինիզմի դրսևորումներով, ջանադրաբար «մոռանալով», որ Ալիևն առհասարակ ՊԱՐՏԱՎՈՐ Է վերադարձնել նրանց, ընդ որում՝ բնավ ոչ ամիսներ անց։
Ու նաև «մոռանալով» տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հայ ռազմագերիների մասին, որոնց Բաքվի բանտերում աներևակայելի խոշտանգումների ու նվաստացումների են ենթարկում ավելի քան մեկ տարի շարունակ, անվանելով ահաբեկիչներ և դատապարտելով ազատազրկման տարբեր ժամկետների։
Գիտե՞ն արդյոք այդ մասին Բաբայանը, Մխիթարյանը, Խաչատրյանն ու Մուրադյանը, գիտակցո՞ւմ են, որ անմարդկային ու հանցավոր գործարքի մասնակից են դառնում։ Հասկանո՞ւմ են արդյոք, թե ինչ նպատակներով է իրենց օգտագործում Նիկոլ Փաշինյանը. կապիտուլյանտը, որին երկրի ողջախոհ քաղաքացիները միանգամայն հիմնավորված համարում են դավաճան։ Թե՞ նրանք դասում են իրենց փաշինյանական նույն այն «ժեխին», որը հիրավի աղետ դարձավ հայոց պետության և Արցախի համար։
... Հետպատերազմյան շրջանում, երբ Հայաստանը հայտնվեց անդունդի եզրին և «լինել, թե չլինել» երկընտրանքի շեմին, հենց հայ մտավորականությունն էր, որ կարող էր և պարտավոր էր ստանձնել ազգի ճակատագրի համար պատասխանատվության ողջ բեռը։ Այդպիսով շարունակելով 1988-ի փառապանծ ավանդույթները, երբ ժողովրդի լավագույն ներկայացուցիչները, նրա իսկական էլիտան՝ ի դեմս ականավոր գրողների, գիտնականների, արվեստագետների, կանգնեց ժողովրդի կողքին հանուն Արցախի։ Չվախենալով անել դա դեռևս գոյություն ունեցող Խորհրդային Միության պայմաններում։
Այսօր՝ անկախության 31-րդ տարում, հայ մտավորականներն այն աստիճան են մանրացել, որ իջել են կոլաբորացիոնիզմի և դավաճանական իշխանության շահերի սպասարկման մակարդակի, որն էլ իր հերթին սպասարկում է թուրքական շահերը։ Եվ սա այն հայտնի ճշմարտության դասական պատկերազարդումն է, որ եթե դու չզբաղվես քաղաքականությամբ, քաղաքականությունն անպայման կզբաղվի քեզանով։ Իսկ երբ խոսքը վերաբերում է Հայրենիքի ճակատագրին, որին «էլիտան» կամա թե ակամա դավաճանում է իր անտարբերությամբ ու վախկոտ լռությամբ, դա տեղի է ունենում ամենացինիկ ու կեղտոտ ձևով. «մտավորականների» վերածումով հակաժողովրդական ու ապազգային նպատակների իրականացման գործիքի։