Ալմաթիում փորձել են գրոհել ոստիկանության շենքը․ տասնյակ մարդիկ են չեզոքացվել

Գիշերն Ալմաթիում փորձ է արվել գրոհել ոստիկանության շենքը, գրոհին մասնակցող տասնյակ մարդիկ չեզոքացվել են։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։

Ինչպես հայտարարել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սալթանաթ Ազիրբեկը, փորձ է արվել ոչ միայն գրոհել ոստիկանության շենքը, այլև վարչական բոլոր շենքերն ու նույնիսկ շրջանային կառույցները:

«Տասնյակ հարձակվողներ ոչնչացվել են, նրանց ինքնությունը նույնականացվում է», - ասել է Ազիրբեկը:

Հաղորդվում է նաև, որ գիշերը Ալմաթիի քաղաքապետարանի մոտ գտնվող հրապարակում ինտենսիվ փոխհրաձգություն է սկսվել զինվորականների և զինված մարդկանց միջև: Իրականացվել է, այսպես ասած, «տարածքը մաքրելու գործողություն»։

Այժմ մի քանի հարյուր ցուցարարներ շարունակում են մնալ Ակտաու քաղաքի կենտրոնական հրապարակում, նրանք շրջափակել են հրապարակն արգելապատնեշներով։ Հրապարակում չեն գործում բջջային ու ինտերնետ կապը։