ԻՐԵՆՑ ԱԹՈՌՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՊԿ ԷԼ ԿԲԵՐԵՆ ԱՅՍՏԵՂ, ՆԱՏՕ ԷԼ, ԹԱԼԻԲՆԵՐԻՆ ԷԼ. Վահե ՀԱԿՈԲՅԱՆ

Իշխանությունը կարող էր ողջունել ՀԱՊկ-ի այդ որոշումը, բայց որևէ զորք չուղարկել, որովհետև իմ պատկերացմամբ դա չափազանց անհարգալից վերաբերմունք է նաև մեր զոհված տղաների հանդեպ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցությա պատգամավոր Վահե Հակոբյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ էր զորախումբ ուղարկել Ղազախստան:

«Մենք պետք է միանշանակ արձանագրենք, որ չենք կարող չկատարել ՀԱՊԿ-ի պայմանները, քանի որ ունենք պայմանագիր։ Միևնույն ժամանակ որքանով տեղյակ եմ՝ պայմանագրում աշխարհագրական բաժանում կա ամեն երկիր պատասխանատու է իր տարածաշրջանի համար, այսինքն մեք պատասխանատու ենք հարավի համար։ Բացի այդ, հաշվի առնելով, որ Նազարբաևը շնորհավորեց Ալիևին պատերազմում հաղթելու համար, նա  կարող էր ողջունել ՀԱՊԿ-ի այդ որոշումը, բայց որևէ զորք չուղարկել, որովհետև իմ պատկերացմամբ դա չափազանց անհարգալից վերաբերմունք է նաև մեր զոհված տղաների հանդեպ։ Բացի այդ դու քո տարածքում ունես ադրբեջանական զինված ուժ, այդ հարցերը չես կարողանում ՀԱՊԿ-ով կարգավորել, բայց ՀԱՊԿ-ի որոշումը կայծակնային արագությամբ կատարում ես, որպեսզի զորք ուղարկես Ղազախստա՞ն, ո՞րն է այստեղ տրամաբաությունը»,-ասաց պատգամավորը։

Պատգամավորի կարծիքով`Փաշինյանը  հայտնվել է մի իրավիճակում, որ հակասում է ինքն իրեն, տարիներ շարունակ իր արտահայտած մտքերին:

«Մյուս կողմից՝ մարդ, ով հրահրել է Մարտի 1-ը, ով պարծենում էր այն ժողովրդով, որ խլել էր ոստիկանից մահակն ու վահանը, ով 2018 թվականին նույն ճանապարհով էր եկել իշխանության, հիմա ուղարկում է զինվորներ Ղազախստան, որ նույն ղազախ ոստիկանից խլված վահանն ու մահակը հետ վերադարձնի իրենց։

Նիկոլ Փաշինյանի ուսապակերից մեկը՝ Արմեն Գրիգորյանը, ասում է, որ հուսով ենք՝ նման իրավիճակում ՀԱՊԿ-ը մեզ էլ կօգնի, խոսում է մի բանի մասին, որ այս կառավարությունը անսկզբունք է, նրանց մոտ ի սպառ բացակայում է պետական, ազգային շահի զգացումը և օրակարգում ունի մեկ խնդիր՝ պահպանել աթոռները։ Դրա համար նրանք ՀԱՊԿ էլ կբերեն այստեղ, ՆԱՏՕ էլ, թալիբներին էլ»,-ասաց նա։

Հակոբյանի խոսքով` 2020 թվականին Փաշինյանը ոչ թե դիմել է ՀԱՊԿ-ին, այլ դրա իմիտացիա է ստեղծել։

«Բանավոր դիմելուց հետո խնդրեցին գրավոր դիմում ներկայացնել, չեղավ նման դիմում։ Տոկաևը նույնպես բանավոր դիմեց և ստացավ նույն պատասխանը և 3 վայրկյանում գրավոր դիմում ներկայացրեց, ևս 5 րոպե և ՀԱՊԿ-ի զինված ուժերը մուտք են ործում Ղազախստան»,- հավելեց նա։

Պատգամավորը Մարտի 1-ի իրադարձությունների եւ Ղազախաստանում այսօր կատարվող  իրադարձությունների միջեւ ընդհանրություն տեսնում է. «Ես կարծում եմ՝ դա նույն պրոցեսն էր, որը հրահրվել էր Արևմուտքի կողմից։ 2008-ին գործող կառավարությանը հաջողվեց պահպանել սահմանադրական կարգը։ Բնական է, որ կա մասշտաբների տարբերություն, բայց էությունը նույնն է մեր կառավարությունը կարողացավ իր ուժերով պահպանել սահմանադրական կարգը»։

Պատգամավորը նաեւ թուրքական հետք է տեսնում Ղազախստանում կատարվող իրադարձություններում:

«Արևմուտքի հենակետը այս տարածաշրջանում Թուրքիան է։ Մենք ունենք երկու տարբերակ՝ կա՛մ շրջվում ենք դեպի Արևմուտք, որտեղ դոմինանտը թուրքերն են, կա՛մ չենք շրջվում, ռուսներն են մնում։ Եթե ուզում ենք վերջնականորեն կորցնել մեր ինքնիշխանությունը, կարող ենք շրջվել դեպի Արևմուտք, որն էլ համառորեն անում է այս իշխանությունը«,- եզրափակեց նա։

News.am