ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կմեկնի Ղազախստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարեց, որ հունվարի 11-ին կմեկնի Ղազախստան:

Նրա խոսքով ՝ Ղազախստանում խաղաղապահ ուժերի զորակազմի տեղակայումն արդեն ավարտվել է։ Խաղաղապահները տեղակայվել են Նուր-Սուլթանում, Ալմաթիում և Ալմաթիի շրջանում։ Նրանք ձեռնամուխ են եղել կարևոր և պետական օբյեկտների պահպանությանն ու պաշտպանությանը, ինչպես նաև իրենց պատասխանատվության գոտիներում իրավիճակի կայունացմանը նպաստող պայմանների ստեղծմանը։

«Խաղաղապահ ուժերի գործունեությունը համակարգելու համար Ղազախստան է ուղարկվել օպերատիվ խումբ ՝ Միացյալ շտաբի պետի տեղակալի գլխավորությամբ։ Տեղում իրավիճակն ուսումնասիրելու, հրամանատարների, երկրի ղեկավարության հետ հանդիպման համար վաղը մեկնում եմ Ղազախստան»,–ասաց Զասը։

Նա հայտնել է, որ խոսել է Ղազախստանում ՀԱՊԿ-ի զորակազմի հրամանատարի հետ, և այս պահին պետությունների ղեկավարների մակարդակով լուծում պահանջող խնդիրներ չկան: Զասը հավելել է, որ սա ՀԱՊԿ-ի` նման քայլեր իրականացնելու առաջին փորձն է, և արդեն իսկ հասկանալի է, որ խաղաղապահների գործարկման մեխանիզմն աշխատում է ու կարող է կատարել իր առջև դրված խնդիրները։