POLITIK.AM-Ի ԽՄԲԱԳԻՐ. ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի հետ կապված հարցերում միայն կատարել է իրեն վերապահված դերը: Նա ոչ մի կարեւոր որոշում չի կայացրել։ Այս մասին հունվարի 10-ին գործընկերների հետ հանդիպմանն ասաց Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին։

Խմբագրի խոսքով՝ Ղազախստանում, ըստ էության, զգալի աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում, որոնց վրա Փաշինյանը ոչ մի կերպ չի կարող ազդել։ «Նույնիսկ հայ խաղաղապահներ ուղարկելու որոշումը, վստահ եմ, նրա կողմից չի կայացվել։ Ֆորմալ կերպով նա է հրաման տվել, բայց մենք բոլորս հիանալի հասկանում ենք, թե իրականում ով է կայացրել որոշումները»,- ասել է Մուրազին։

Անդրադառնալով Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ լրատվական կայքի խմբագիրը կարծիք է հայտնել, որ անկարգությունները ճնշելուց հետո միջինասիական հանրապետությունը, ամենայն հավանականությամբ, կգնա Բելառուսի ճանապարհով եւ Ռուսաստանի հետ համաձայնագիր կկնքի Միութենական պետության ընդլայնման մասին։

Նա համոզված է, որ Ղազախստանում ծավալվող իրադարձությունները պատահական չեն. «Սա, իմ կարծիքով, Ռուսաստանի կողմից փափուկ ուժի կիրառման նոր մեթոդ է, որին հաջորդում է ռազմական միջամտությունը։ Այս մեթոդը թույլ կտա իրենց վերահսկողության տակ վերցնել նշված տարածաշրջանը, եւ, իմ գնահատմամբ, տեղի ունեցավ մի բան, որը պետք է տեղի ունենար։ Մի խոսքով, գործ ունենք ռուսական հատուկ ծառայությունների կողմից իրականացվող օպերացիայի հետ։ Այն նպատակ ուներ հեռացնել հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին, ով հավատարիմ էր պանթուրքիզմի գաղափարախոսությանը»,- կարծում է տեղեկատվական-վերլուծական կայքի խմբագիրը։

Բորիս Մուրազին նաեւնշել է, որ բախումները, որպես կանոն, տեղի են ունեցել Ալմաթիում։ «Ռուսները, թերեւս, փորձում էին այնպես անել, որպեսզի անկարգությունները, հնարավորության դեպքում, քաղաքից դուրս չգան եւ չտարածվեն երկրի այլ շրջաններում։ Նրանք փորձում էին տեղայնացնել բողոքի տրամադրությունները։ Հավանաբար սա է պատճառը, որ ամենակատաղի բախումները տեղի են ունեցել Ալմաթիում»,- նշել է խմբագիրը։ Նշենք, որ անգամ ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին բազմազգ Ալմաթիում «ղազախական ապստամբություն» տեղի ունեցավ, որն ավարտվեց մարդկային զոհերով ուղեկցվող զորքերի ներգրավմամբ:

News.am