«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Ղազախստանում հայ խաղաղապահների հարցով նիստ հրավիրել

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու առնչությամբ նիստ հրավիրել։

Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությունը։

Այս հարցով խմբակցությունը դիմել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի Անդրանիկ Քոչարյանին և ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին։

«Առաջարկել ենք 2 հանձնաժողովի հետ համատեղ նիստ անցկացնել՝ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու առնչությամբ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի (ՀՀ պաշտպանության կազմակերպումը) 5-րդ մասի և 7-րդ հոդվածի (Պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության լիազորությունները) 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ թեմայով խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։