Խիստ կարևոր է խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի հեռացումը. ՄԻՊ
Արցախի բնակչության անվտանգության և իրավունքների պատշաճ պաշտպանության տեսանկյունից խիստ կարևոր և առանցքային է մնում խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը։ Այս մասին գրել է Արցախի օմբուդսման Գեղամ Ստեփանյանը։
Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակահերթեր են արձակվել Արցախի Հանրապետության Կարմիր շուկա-Թաղավարդ և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքների ուղղությամբ։
Կրակահերթերի հետևանքների վերաբերյալ փաստերի հավաքագրման նպատակով Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը այցելել են վերոնշյալ համայնքներ։ Հավաքագրված փաստերի համաձայն՝ խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված դիրքերից բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմը վերջին օրերին կրակահերթեր արձակել է առավել մեծ ինտենսիվությամբ։
«Հունվարի 10-ի կրակահերթի հետևանքով հրդեհվել է քաղաքացիական անձին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը կայանված է եղել բնակելի տան բակում, իսկ տանն այդ պահին ներկա են եղել երեք քաղաքացիական անձինք։ Նշված բնակելի տունը համայնքի մանկապարտեզից գտնվում է մոտ 50 մետր հեռավորության վրա։ Կրակահերթի և մեքենայի հրդեհման հետևանքով մանկապարտեզ հաճախող երեխաների և անձնակազմի շրջանում առաջացած վախի հետևանքով խաթարվել է մանկապարտեզի բնականոն աշխատանքը, իսկ մանկահասակ երեխաները շտապ տարահանվել են», - ասվում է հայտարարության մեջ։