ՀՀ ԳԱԱ-ն կաջակցի Արցախում գիտության զարգացմանը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հունվարի 10-ին տեղի է ունեցել հանդիպում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռադիկ Կոստանյանը, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրենները և առաջատար մասնագետները:

Ներկա են եղել նաև Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը և Արցախի նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ ԳԱԱ-ի և Արցախի գիտական ու կրթական կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնման և զարգացման հեռանկարները:

«Հատկապես Արցախյան վերջին պատերազմից հետո այս համագործակցությունն անհրաժեշտություն է: Այսօր պետք է աջակցել Արցախում գիտության զարգացմանը՝ ներգրավելով Արցախի գիտական կենտրոնը մեր ծրագրերում: Պատերազմից հետո ես երկու անգամ այցելել եմ Արցախ, հանդիպել տարբեր պաշտոնյաների հետ: Մեր առաջարկած համագործակցության ծրագիրը մեծ խանդավառությամբ ընդունվեց, բոլորն էլ հասկանում են դրա կարևորությունը»,- նշել է Աշոտ Սաղյանը:

Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ այսօր կա Արցախի հայկականության պահպանման սուր խնդիր, որը պետք է լուծվի գիտական մակարդակով:

«Ես ինձ շատ լավ եմ զգացել, երբ պարոն Սաղյանը եկել է Արցախ և խոսել է Արցախի գիտական կենտրոնի հենքի վրա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փոքրիկ մոդել սարքելու մասին: Այսօր առավել քան երբևէ կարևոր է մեր ազգային ինտելեկտի ներդրման, ինքնակազմակերպման, կենտրոնացման հարցը: Համաշխարհային քաղաքակրթական արժեքներն Արցախում օկուպացված են, և սրա մասին պետք է խոսել թիրախային լսարաններում, ճիշտ աշխատանք տանել, որպեսզի կարողանանք Արցախը հայկական պահել: Արցախը պետք է դառնա գիտակրթական գրավիչ կլաստեր, պետք է գիտությունը մտցնենք նաև հանրակրթության ոլորտ»,-ասել է նախարարը:

Լուսինե Ղարախանյանը Արցախի ԿԳՄՍ նախարարության «Լույսի առաքյալ» մեդալ է շնորհել Աշոտ Սաղյանին:

Հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրենները հանդես են եկել համագործակցության հստակ առաջարկություններով: Մասնավորապես, առաջարկվել է իրականացնել հետազոտություններ ջրի որակի, գյուղատնտեսական մթերքների, տարածքների աղտոտվածության վերաբերյալ, ներդնել և ընդլայնել Արցախում կենսատեխնոլոգիաներ՝ կենսապրոդուկտների ստացման նպատակով:

Առաջարկվել է կազմակերպել պրակտիկա ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներում Արցախի երիտասարդ գիտնականների համար, Արցախում կազմակերպել դասախոսություններ Հայաստանի առաջատար մասնագետների կողմից, ինչպես նաև Արցախում կազմակերպել արտագնա նստաշրջաններ և գիտաժողովներ:

ԱՐՄԵՆՊՐԵՍ