ANCA-ն Բայդենին եւ Կոնգրեսին կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին եւ Թուրքիային

Ամերիկահայերը եւ նրանց ԱՄՆ դաշնակիցները միանում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA)՝ նախագահ Բայդենին եւ Կոնգրեսի առաջնորդներին կոչ անելով հիմնովին փոխել ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ:

Նրանք կոչ են արել կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ Արցախի անվտանգությունը, Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար, պատասխանատվության ենթարկել Բաքվին եւ Անկարային իրենց ռազմական հանցագործությունների եւ շարունակվող թշնամանքի համար, ամրապնդել հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը. ամրագրել Հայոց ցեղասպանության մշտական ​​հիշատակն ԱՄՆ կառավարությունում:

ANCA-ի գլխավորած առցանց արշավն օգտագործվել է տասնյակ հազարավոր մարդկանց կողմից՝ համայնքի վրդովմունքը, որ ԱՄՆ առաջնորդները «չկարողացան բացահայտորեն դատապարտել և նյութապես դիմակայել բռնապետական ​​Ադրբեջանի եւ դրա թուրք/Իսլամական պետության դաշնակիցների կողմից  դեմոկրատական ​​Արցախի եւ Հայաստանի դեմ իրականացված ագրեսիային, ռազմական հանցագործություններին եւ մարդու իրավունքների ոտնահարմանը»:

ANCA-ն յոթ կարեւոր ուղի է նշել, որոնցով նախագահ Բայդենը եւ Կոնգրեսի առաջնորդները կարող են վերջ տալ ԱՄՆ-ի մեղսակցությանը Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիային, այդ թվում՝ առնվազն 100.000.000 ԱՄՆ դոլարի անմիջական մարդասիրական օգնություն տրամադրել իրենց հայրենիքում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների ենթարկված ավելի քան 100.000 հայերի՝ օգնելով այդ ընտանիքներին վերականգնել իրենց կյանքը եւ ապահով վերաբնակվել իրենց պատմական հայրենիքում։ «Ադրբեջանի ագրեսիան եւ շարունակվող հակահայկական գործողությունները ակնհայտորեն համահունչ են նախագահ Իլհամ Ալիեւի հրապարակային սպառնալիքներին՝ գրավելու Հայաստանը, այդ թվում՝ դրա մայրաքաղաք Երեւանը եւ դրա Սեւանի եւ Սյունիքի շրջանները որպես «պատմական ադրբեջանական տարածք»: Ադրբեջանի եւ դրա մեղսակից Թուրքիայի մտադրությունները միանգամայն ակնհայտ են՝ շարունակել իրենց ագրեսիան Հայաստանի եւ Արցախի դեմ՝ առաջին քրիստոնյա ազգի ցեղասպանական ոչնչացման վերջնական նպատակով»,- ասված է ԱՄՆ առաջնորդներին ուղղված նամակում։

News.am