Կառավարությունը հաստատեց նոր մարզպետների նշանակումները

Կառավարության այսօրվա նիստում հաստատված որոշմամբ Արագածոտնի մարզպետի Ռազմիկ Պետրոսյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից։

Կառավարության այլ որոշումներով Արագածոտնի մարզպետ նշանակվեց Սերգեյ Մովսիսյանը, Արարատի մարզպետ` Սեդրակ Թևոնյանը։

Նորանշանակ մարզպետները ներկա էին կառավարության նիստում, նրանց շնորհավորեց վարչապետ Փաշինյանը։ Մարզպետները շնորհակալություն հայտնեցին վստահության համար ու խոստացան աշխատել ի բարօրություն մարզի ու մարզաբնակների։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվել էր մոտ 3 ամիս առաջ` 2021-ի հոկտեմբերի 28-ին։ Դրանից առաջ` 2020-ի հոկտեմբերի 30-ից, նա Արագածոտնի փոխմարզպետն էր։

Պետրոսյանն արցախյան շարժման առաջամարտիկներից է` 1990թ. հունվարից անդամագրվել է Ապարանի կամավորական ջոկատին, եղել է ՀՀ հատուկ գնդի Ապարանի վաշտի հրամանատարի տեղակալ։

Նրան այդ պաշտոնում փոխարինած Սերգեյ Մովսիսյանը ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր էր, ով հունվարի 4-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։

Ինչ վերաբերում է Արարատի մարզի ղեկավարի պաշտոնին, Ռազմիկ Թևոնյանին փոխարինած Սեդրակ Թևոնյանը նրա որդին է։

Ռազմիկ Թևոնյանն Արարատի մարզպետ էր նշանակվել 2020-ի դեկտեմբերի 10-ին։ Նա 2021թ–ի սեպտեմբերի 9-ին հրաժարվել էր մարզպետի պաշտոնից, բայց մի քանի օր անց հետ էր վերցրել հրաժարականի դիմումը:

Նրա որդին` անկուսակցական Սեդրակ Թևոնյանը ևս հունվարի 4-ին ԱԺ «ՔՊ» պատգամավորի մանտադից հրաժարվելու դիմում էր ներկայացրել: