ՍԴ դիմում ենք ներկայացրել կալանավորումների հարցով. Վարդևանյանը մանրամասներ հայտնեց

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական դատարան է դիմել նախաքննության ընթացքում անձանց կալանավորման հիմքերի, քննությանը խոչընդոտելու հիմնավոր կասկածի առնչությամբ։ Ազգային ժողովում դատավորների հետ քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Երկու օր առաջ ՍԴ ենք դիմել և 2 հարցադրում ենք ներկայացրել` հիմնավոր կասկած հասկացությունը կարո՞ղ է անվերջ մեկնաբանվել։ Հարցն այն է, որ վճռաբեկ դատարանը միշտ մեկնաբանում է, թե ինչ է հիմնավոր կասկածը, իսկ եթե մի բանն անընդհատ կատարելագործում ես, ուրեմն խնդիր կա։ Բացի այդ, բարձրաձայնել ենք, թե արդյո՞ք կարող են թաքնվելու, նոր հանցանք կատարելու, նախաքննությանը խոչընդոտելու ռիսկերն այդքան վերացարկված լինել»,–ասաց Վարդևանյանը։

Նա նշեց` այսպիսի իրավիճակ մարդու իրավունքների արդար դատաքննության մասով, տևական ժամանակ Հայաստանում չի եղել։ Վարդևանյանը հայտնեց` 2021-ի հոկտեմբեր-նոյեմբերին դատարաններին ներկայացված կալանավորման միջնորդությունների 80 տոկոսից ավելին բավարարվել է. այս պատկերն իսկապես ծայրահեղ անհանգստացնող է։ Կալանավորումների բավարարման աննախադեպ ցուցանիշ ունենք։ Վարդևանյանի խոսքով` կալանավորումների բարձր ցուցանիշի խնդիրն այն է, որ դատավորներն ուղղակի ասում են` կա նախաքննությանը խոչընդոտելու ռիսկ, իսկ թե դա ինչով է պայմանավորված այն, չեն մանրամասնում։

ԱԺ ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ առաջիկայում դատավորների նկատմամբ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը ևս վիճարկվելու է ՍԴ–ում։