Ընթանում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 13-ին, նախագահությամբ Վահե Միսակյանի, ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստը։

 

Այս գործով դատական նիստերը տևական ժամանակ չեն կայացել։ Կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում էլ Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։

ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում, տեղեկացնում է News.am։