«Հայրենիք»․ Փաշինյանի ամուր նյարդերի վրա հղումը նշանակում է՝ պետք է էլի տարածք կորցնենք

Կառավարության այսպես ասած «ղեկավարը» պնդում է, որ հարկավոր են ամուր նյարդեր խաղաղության դարաշրջանի բացման համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսինքն՝ «խաղաղության դարաշրջանի» այս մարդկանց գործիքակազմը ամուր նյարդե՞րն են, իսկ տակի փիլիսոփայությունը «խաղաղություն» բառի կրկներգը ժողովրդի վրա վաճառելն է:

Գուցե տարրական դիտարկում է, բայց խաղաղության համար, այն է՝ երկրի անվտանգության ապահովման, մի քանի գործիքներ կան: Շատ ընդհանուր առմամբ ասված՝ ներքին հզորությունների զարգացում և կազմակերպում, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերի հատման կետերը և բախումները հաշվի առնելով անվտանգության ապահովմանը միտված արտաքին քաղաքականության մշակում և իրականացում: Այսինքն՝ թշնամին չի հարձակվում միայն, երբ առկա են դրան դիմակայելու ներքին և արտաքին հզորություններ:

Իսկ ամուր նյարդերի վրա հղում անելը նշանակում է ոչ այլ ինչ, քան՝ մեր հայրենակիցները պետք է զոհվեն, մենք պետք է տարածք կորցնենք այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը խելքի չի եկել և չի որոշել դադարեցնել Հայաստանի և հայ ժողովրդի քայլ առ քայլ ոչնչացումը: Ո՛չ հիմարացմանը»։

News.am