«Հայաստան». Կառավարության 2020 թվականի նիստերի օրակարգերը փաստացի հանվել են պաշտոնական կայքից

Կառավարության 2020 թվականի նիստերի օրակարգերը փաստացի հանվել են պաշտոնական կայքից։ Այս մասին հունվարի 13-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված գումարների իրացման և պետական բյուջե փոխանցման հարցի ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Խոսքը, ըստ նրա, 2019 թվականի վերջից մինչև 2020 թվականի դեկտեմբեր նիստերում քննարկված օրակարգերի մասին է։ «Բացակայում են ոչ միայն օրակարգերը, այլև դրանցում ներառված հարցերը։ Դրանք բացակայում են նույնիսկ արխիվներում։ Գրեթե ամբողջ 2020 թվականը, բացառությամբ դեկտեմբերին կայացած կառավարության մի քանի նիստերի, ինչ-որ տեղ անհետացել են»,- ասաց Մինասյանը, տեղեկացնում է News.am։