Ռշտունի․ Գործերի բաշխման համաչափությունը պահպանված չէ

Չեմ կարող դրական մեկնաբանել այդ երևույթը, որովհետև տարիներ շարունակ միջազգային կազմակերպություններ պայքարել են, որ այդ համակարգը գործի: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին՝ անդրադառնալով նրան, որ ԱԱԾ-ն արդեն մի քանի ամիս է՝ տարել է քրեական գործերը մակագրող համակարգիչը:

Նա նշեց, որ այդ դեպքում դատարանի նախագահն ընդհանրապես որևէ գործոն չուներ. «Այդ առումով նախագահի անձի գործոնի բացակայությունը, բնականաբար, դատավորների մոտ համոզմունք էր ձևավորում, որ այդ բողոքն օբյեկտիվորեն հայտնվել է իրեց վարույթում»,- նշեց Վ.Ռշտունին:

«Սերվերի միջամտության հետ կապված խնդիրը էլի է եղել: Կոնկրետ Միքայել Համբարձումյանի կողմից, ով այդ ժամանակ աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում, տնօրեն էր թե տեղակալ, չեմ հիշում, կապ է հաստատել ինձ հետ՝ որպես դատարանի նախագահի: Մենք պայմանավորվել ենք, որ հնարավոր չէ սերվերն առգրավել, քանի որ կխափանվի Վերաքննիչ քրեական դատարանի գործունեությունը: Իրենք եկել են, տեղում ուսումնասիրել են համակարգը մի քանի օրում ու էլի գնացել են: Լուծումներ գտնվել են, հիմա էլ էր հնարավոր լուծում գտնել. կարելի էր փորձաքննությունից առաջ համակարգիչը փոխարինել մեկ այլ համակարգիչով, նոր առգրավել համակարգիչը», - ասաց դատավորը:

Վազգեն Ռշտունին նշեց, որ իր ունեցած տվյալներով այսօր, առանց էլեկտրոնային համակարգի, գործերի բաշխման համաչափությունը պահպանված չէ, տեղեկացնում է News.am: