ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ» ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ՉԵՂԱՐԿՎԱԾ

Այսպիսի վերաբերմունք ժողովուրդը չի տեսել ոչ մի ղեկավարի օրոք

Հունվարի առաջին օրերին Երևանի կենտրոնում ամեն քայլափոխի կարելի էր տեսնել, թե ինչպես են մարդիկ փորփրում աղբարկղերը՝ ուտելիքի որոնումներով։ Ռեժիմը մայրաքաղաքին վերադարձրեց անցյալի գրեթե մոռացված պատկերները։

Խոշորացված Վարդենիսի մաս դարձած համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը ընտրողների նկատմամբ ոստիկանության պատժիչ գործողություններից հետո անվանեց Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Քաղաքացիական պատերազմ» կուսակցություն: Դրա առաջնորդը վաղուց արդեն չի արտասանում իր մշտական խոսքերն այն մասին, թե սիրում է ժողովրդին և խոնարհվում երկրի քաղաքացիների առջև: Ժողովրդի հետ կնքված «Քաղաքացիական պայմանագիրը» կարելի է համարել չեղարկված, Հայաստանում ակներև են սեփական քաղաքացիների դեմ ռեժիմի սանձազերծած պատերազմի բոլոր նշանները։

Ամենաթարմ օրինակը կապված է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների հետ։ Երբ բժիշկները պայքարում էին կորոնավիրուսի դեմ, Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը (այն ժամանակ՝ առողջապահության նախարար) այցելում էին նրանց և ծափահարում տեսախցիկների առջև։ Օրերս տասնյակ բուժքույրեր հայտնվեցին աշխատանքից հեռացվելու վտանգի տակ, այդ պատճառով դուրս եկան բողոքի ակցիայի և տեսախցիկների առջև հնչեցրին այն հիմնավորումները, որոնցով բուժհաստատության ղեկավարությունն իրենց առաջարկել է աշխատանքից ազատվելու դիմում գրել, իբր՝ սեփական ցանկությամբ: Հիմնավորումները հետևյալն են. մեկը բնական մորթուց մուշտակ ունի, մյուսը՝ ամուսին, երրորդը՝ մեքենա:

Բուժաշխատողները պատմեցին նաև, որ հիվանդանոցի ղեկավարությունը հավելավճար չվճարելու համար ստիպել է իրենց ստորագրել մի փաստաթուղթ, համաձայն որի՝ իրենք չեն աշխատել կորոնավիրուսով հիվանդների հետ: Բողոքի ակցիան հասարակական մեծ արձագանք հարուցեց, ինչի արդյունքում հիվանդանոցի ղեկավարությունը ստիպված եղավ խոստանալ, որ մարդիկ կարող են իրենց աշխատատեղերում մնալ մինչև հունվարի 30-ը: Թե ինչ են անելու նրանք այդուհետ, հայտնի չէ

Քաղաքացիական իրավունքները ենթադրում են խոսքի, հավաքների, ինչպես նաև ինքնարտահայտվելու ազատություն, այդ թվում՝ իշխանության հասցեին քննադատության միջոցով։ Որոշակի ժամանակից ի վեր օրենքի անունով հետապնդվում է ցանկացած քննադատություն իշխանավորների հասցեին, կան ձերբակալվածներ։ Այն մասին, թե ինչպիսի դաժանությամբ են ճնշվել բողոքի ակցիաները Վարդենիսում և Փարաքարում, քաղաքացիները տարվա առաջին օրերին տեղեկացան հեռուստառեպորտաժներից։ Այն, որ երկրում ռեկորդային թվով քաղբանտարկյալներ կան, նույնպես հայտնի է բոլորին։ Այսօր, սակայն, խոսքը նրանց մասին է, ովքեր սոցիալական պաշտպանության կարիք ունեն։

Ցանկացած իշխանություն ընդունում է ժողովրդին անհաճո որոշումներ, որոնք հետո փորձում է կա՛մ մեղմել, կա՛մ ինչ-որ կերպ բացատրել։ Ներկայիս ղեկավարության ընդունած որոշումների բնույթն ու քաղաքական վարքագծի պատկերը վկայում են այն մասին, որ ռեժիմի պարագլուխը թքած ունի հասարակ քաղաքացիների վրա։ Իրենց քաղաքացիական իրավունքներից օգտվելու մարդկանց չնչին իսկ փորձը Փաշինյանի մոտ ցանկություն է առաջացնում ճնշել դա։

Ռեժիմը պատերազմ էր սանձազերծել սեփական քաղաքացիների դեմ դեռ այն ժամանակ, երբ կառավարական թիկնազորը տեսախցիկների առջև ասֆալտի վրայով քարշ տվեց Արցախյան առաջին ազատամարտում զոհվածների այրիների ու մայրերի կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանին։ Այդ ցուցադրական հաշվեհարդարն իրականացվել է Փաշինյանի անմիջական հրահանգով։ Խաչատրյանը պահանջում էր, որ զոհված զինվորների ընտանիքները հավասարեցվեն 2008թ.մարտի 1-ի զոհերի ընտանիքներին, որոնց Փաշինյանը 30 մլն դրամ փոխհատուցում էր տվել։

ՀԱՊԿ զորախմբի կազմում հայ խաղաղապահներին Ղազախստան ուղարկելուց հետո Փաշինյանից պահանջել են պետբյուջեին փոխհատուցել մարտի 1-ի զոհերի հարազատներին տրված միլիոնները: Եթե նա խաղաղապահներ է ուղարկում Ղազախստանում զանգվածային անկարգությունների մասնակիցների դեմ պայքարելու համար, ուրեմն ճիշտ է համարում Հայաստանի իշխանությունների արձագանքը 2008թ. մարտի 1-ի դեպքերին։

Այլ կերպ ասած, Փաշինյանն անուղղակիորեն ընդունում է, որ մարտի 1-ին զոհվածները խաղաղ բողոքի ակցիայի մասնակից չեն եղել, ինչից հետևում է, որ պետության կողմից նրանց ընտանիքներին փոխհատուցում չի հասնում։ Իսկ եթե Նիկոլը համարում է, թե մարտի 1-ի ակցիան խաղաղ էր, ապա նման գնահատականի են արժանի նաև Ղազախստանում հունվարի 2-ից հետո տեղի ունեցած բողոքի ակցիաները

Նրանում, որ ռեժիմը պատերազմ է սանձազերծել սեփական քաղաքացիների դեմ, շատերը վերջնականապես համոզվեցին Աբովյան քաղաքի դիահերձարանի հատակին 40 աստիճան շոգին պոլիէթիլենային պարկերով նետած զինվորների աճյունների հետ կապված սկանդալից հետո: Հիշեցնեմ, որ 2021թ. վերջին օրերին աճյունների վերաբերյալ քրեական գործը կարճվեց. Փաշինյանի արդարադատությունը հանցակազմ չհայտնաբերեց նրանում, թե որտեղ և ինչպես են պահվել այդ մասունքները

Հունվարի առաջին օրերին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաներն այցելել են Վարդաշենի հանրակացարան՝ ոստիկանների ուղեկցությամբ, և սպառնացել դրա կենվորներին հարկադիր վտարումով: Հանրակացարանի բնակիչները դուրս եկան բողոքի ակցիայի և պատմեցին, որ ավելի վաղ նախարարության ղեկավարությունը հանրակացարանից իրենց տեղափոխել է «4-րդ գյուղ» կոչվող ավանի գոտի, որտեղ արդեն ծվարել էին 240 անօթևաններ: Ավելի ուշ, անտանելի կոմունալ պայմանների պատճառով, նրանց վերադարձրել են Վարդաշենի հանրակացարան, իսկ Ամանորի նախաշեմին կրկին փորձեցին ուղարկել նույն 4-րդ գյուղ։ Այնպիսի տպավորություն է, թե խոսքը ոչ թե մարդկանց մասին է, այլ նախրի, որը կարելի է քշել ուր և երբ ցանկանան։

Վարդաշենի հանրակացարանում մարդիկ ապրում են մեկ սենյակում 11-ական անձով, սակայն նրանք համաձայն են նույնիսկ այդ պայմաններին, թեև զուգարանների և լոգարանների վիճակը հիշեցնում է անցած դարի 30-ական թվականների ԳՈՒԼԱԳ-ի բարաքները։ Բնակիչների մեջ փախստականներ կան Շուշիից։ Չնայած կենցաղային վատ պայմաններին՝ մարդիկ չեն ցանկանում տեղափոխվել 4-րդ գյուղ, որտեղ պայմանները է՛լ ավելի վատ են։ Խոսքը մոտ 100 քաղաքացիների մասին է, որոնցից 30-ը անկողնային հիվանդներ են, կան սայլակավոր հաշմանդամներ և նախադպրոցական տարիքի երեխաներ: Հունվարի առաջին օրերին հանրակացարանի բնակիչները նամակ են հղել Փաշինյանին։

«Գոլոս»-ի ընթերցողները հավանաբար հիշում են հրապարակումները մանկատների և գիշերօթիկ հաստատությունների երեխաների նկատմամբ ռեժիմի աննախադեպ հաշվեհարդարի մասին։ Դրանք փակվեցին հանրապետության մի շարք համայնքներում՝ երեխաներին ընտանիք վերադարձնելու պատրվակով: Ռեժիմը երեխաներին ուղարկեց ծնողների մոտ, որոնք տարբեր պատճառներով չեն կարող հոգ տանել նրանց մասին։ Գիշերօթիկ հաստատությունների փակումից հետո բազմաթիվ երեխաներ չեն կարողացել շարունակել ուսումը դպրոցներում։

Տրանսպորտի ուղեվարձը վճարում էին գիշերօթիկները, ծնողները չէին կարող հոգալ այդ ծախսերը, բայց երեխաներին վերադարձրեցին ընտանիք, որից հետո նրանք դադարեցին դպրոց հաճախել։ Շնորհակալությո՛ւն Նիկոլ Վովայիչին նրանց երջանիկ մանկության համար: Նախորդ նախարարների օրոք փակվել էին նաև մի շարք ծերանոցներ։ Չմոռանանք հավելել, որ պետության կողմից ֆինանսավորվող հաստատությունների փակումը ռեժիմի պարագլուխը պատճառաբանեց նրանով, թե դրանց ղեկավարությունը զբաղվել է կոռուպցիայով

Ի դեպ, պետական մակարդակով կոռուպցիայի ամենացայտուն դրսևորումը մոտ 2 հարյուր հազար դոլար արժողությամբ ծառայողական մեքենա գնելն է ԱԺ խոսնակի համար, այն դեպքում, երբ տասնյակ մարդկանց փողոց են շպրտում, սահմանամերձ դիրքերը պատշաճ կերպով սարքավորված չեն, իսկ Բարձրաշեն համայնքի դպրոցը կարող է ցանկացած պահի փլուզվել աշակերտների գլխին, քանի որ կառավարությունը հրաժարվեց մինչև ձմռան սկիզբ վերանորոգել այն…

Դատելով ամենից, 2022-ի Հայաստանի քաղաքացիներն արդեն այն մարդիկ չեն, ում հետ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» է կնքել, ում նա «սիրում է», «գրկում» և ում առաջ «խոնարհվում» է։

Գանձարանը դատարկ է

Սոցապահովության ներկայիս նախարարը որոշել է շարունակել իր նախորդների ավանդույթները, նրա գերատեսչության չինովնիկները սրտանց ծանակել են Վարդաշենի հանրակացարանի բնակիչներին։ Մարդիկ պատմեցին տեսախցիկների առջև, թե ինչպես են պաշտոնյաներն իրենց հետ շփվել դժկամությամբ և դեմքին ծաղրալից ժպիտով։

Հունվարի առաջին օրերին ծխախոտի վաճառքի նոր պայմանների և պետական մակարդակով պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու մասին ավելի շատ էին խոսում, քան այն մարդկանց, որոնց ձմռան սառնամանիքին նետում են փողոց: Նրանք խնդրում են, որ իրենց թույլ տան մնալ մինչև գարուն, բայց նրանց սպառնում են հարկադիր վտարել այս ցրտին, մանկահասակ երեխաների հետ միասին։ Հանրակացարանի բնակիչները պատմեցին, որ չինովնիկներն իրենց խորհուրդ են տվել (մեջբերում եմ բառացի) «աշխատանքի տեղավորվել ու բնակարան վարձել»:

Փաշինյանական պաշտոնյաներն օժտված են առանձնահատուկ ցինիզմով. Երևանում աշխատանք գտնելն անհնար է, այն պարզապես չկա։ Ռեժիմը նոր աշխատատեղերի բացման պայմաններ չի ստեղծել երեքուկես տարվա ընթացքում։ Հակառակը, աշխատատեղերը կրճատվում են ամենուրեք. նախարարություններից մինչև համատիրություններ, իսկ ռեժիմը շարունակում է ձգել պտուտակները՝ զրկելով քաղաքացիներին ոչ միայն խոսքի, հավաքների և ինքնարտահայտման ազատությունից, այլև մարդավայել պայմաններում ապրելու իրավունքից։

Այս տարեսկզբին Փաշինյանը կառավարության նիստում դեմքի խորագիտակ արտահայտությամբ դատողություններ էր անում պոլիէթիլենային տոպրակներն արգելելու մասին։ Իսկ 20 հազար անօթևան արցախցիների, սահմանամերձ համայնքների բնակիչների մասին, որոնք արդեն 8 ամիս գտնվում են ադրբեջանական զավթիչների շուրջօրյա նշանառության տակ, ռեժիմի պարագլուխը մի բառ անգամ չասաց: Պոլիէթիլենային տոպրակներից հրաժարումն ու ծխախոտի վաճառքի նոր պայմանները նրա համար ավելի կարևոր են։ Տնտեսագետները խոսում են այն մասին, որ գանձարանը դատարկ է, սոցիալական խնդիրների լուծման համար միջոցներ չկան, դժվարությամբ են գումար հատկացրել նույնիսկ պաշտոնյաների նախաամանորյա պարգևավճարների համար…

Ռեժիմի քարոզչամեքենան ներշնչում է ժողովրդին, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մոտ ժամանակներս կհանգեցնի բարօրության աճի։ Դեռահասի գիտակցություն ունեցողները հավատում են, թե երբ Փաշինյանը պայմանավորվի Էրդողանի հետ, Հայաստան կհոսեն կաթի գետեր՝ մեղրածոր ափերով…

Հայ հասարակությունը սաստիկ քարասիրտ է դարձել…

Ռեժիմը սեփական քաղաքացիների դեմ պատերազմ է սանձազերծել բոլոր ուղղություններով. առաջին անհրաժեշտության ապրանքների գների անվերահսկելի մոլեգնապարից մինչև ոստիկանական միջամտություն համայնքների ղեկավարների ընտրություններին: Մի շարք համայնքների ավագանու ընտրություններում Փաշինյանի կուսակցությունը յուրացրել է հաղթանակը, իսկ ընտրողների վրդովմունքը ճնշել են մորեգույն բերետները։ Ժողովուրդը կպարտվի վարչախմբի պարտադրած պատերազմում, եթե հրաժարվի իր իրավունքներից և երես թեքի օգնության ու կարեկցանքի կարիք ունեցողներից։

Եթե Վարդաշենի հանրակացարանի բնակիչների ճակատագիրը հասարակական մեծ արձագանք առաջացներ, ռեժիմը ստիպված կլիներ չեղարկել հարկադիր վտարման բարբարոսական որոշումը: Հայ հասարակությունը սևերի և սպիտակների բաժանվելուց հետո սաստիկ քարասիրտ է դարձել, նրան քայքայում են ցինիզմի բացիլներն ու անտարբերությունը այլոց ցավի նկատմամբ։ Մենք հետ ենք վարժվել ինքներս մեզ հարգելուց և մերձավորին սիրելուց։ Այստեղից էլ կենցաղային սպանությունների և ընտանիքի անդամների նկատմամբ բռնության պոռթկումը։

Ռեժիմը բավական մեծ հաջողության է հասել մեզ համար խորթ արժեքների արմատավորման գործում։ Դիմադրության և քաղաքացիական իրավունքների համար պայքարի տեղային օջախները արդյունք չեն տա, եթե մարդիկ չվերականգնեն միասնական նպատակի զգացողությունն ու հայ հասարակությանը բնորոշ բարոյական ուղենիշները։

Տրոհված հասարակությունն անգործունակ է, փոխարենը՝ հեշտությամբ հարմարվում է Փաշինյանի պարտադրած կենսակերպին, դատապարտելով իրեն հետադիմության։ Առանձին կենդանի ծիլերը այդ գլոբալ գործընթացի վրա ոչ մի կերպ չեն ազդում...