Հայտնի է, թե որքան կարող է թանկանալ գազը Հայաստանում

Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը ապրիլի 1-ից կարող է բարձրանալ 6 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։

Ըստ հաղորդագրության` հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների վերանայման հայտ է ներկայացրել հանձնաժողով։ Ընկերությունն առաջարկել է ՀՀ բոլոր սպառողների համար սահմանել միասնական սակագին` 282.6 ԱՄՆ դոլար 1000 խմ–ի դիմաց` 266.71 ԱՄՆ դոլարի փոխարեն, կամ 1 խմ–ի դիմաց 135.6 դրամ` ներկայիս 1 խմ–ի դիմաց 128 դրամ գործող միջինացված սակագնի փոխարեն։

«Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված»,– նշում է ՀԾԿՀ–ն։

Հայաստանում սոցիալապես անապահով խմբերը 1 խմ-ի համար վճարում են 100 դրամ, մնացած բնակիչ-բաժանորդները` 139 դրամ, ամսական 10 հազար խորանարդ մետր գազ սպառող խոշոր սպառողները (տնտեսվարողները)` 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (1000 խմ–ի համար)։

Հայտում նաև առաջարկվում է, որ նոր սակագինը կիրառվի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվությամբ բնական գազի համար։

Ի դեպ, նշենք, որ «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնական կայքում հրապարակված տվյալներով` մինչև ջեռուցման սեզոնի մեկնարկը (հոկտեմբերի դրությամբ) ՀՀ–ում ամենաբարձր ջերմատվությունը գրանցվել է Տավուշի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի ու Արմավիրի մարզերում` 8714 կկալ/մ3, ամենացածրը` Արտաշատում, Սյունիքում, Վայոց Ձորում ու Արցախում` 8025 կկալ/մ3։ Իսկ Երևանում այդ ցուցանիշը եղել է 8629, 8478, 8386` կախված թաղամասերից։

Նշենք, որ 2021թ–ի նոյեմբերին, ի պատասխան ՀՀ տարածքում գազի որակի մասին Sputnik Արմենիայի հարցի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնել էին, որ ՀՀ ներկրված բնական գազի ցուցանիշները մշտապես համապատասխանում են «ԳՕՍՏ 5542-14» ստանդարտով սահմանված որակական հատկանիշներին։

Ընկերությունից պարզաբանել էին, որ ՀՀ ներկրվող բնական գազի որակի համապատասխանելիությունը «ԳՕՍՏ 5542-14» «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար» ստանդարտով սահմանված նշանակությանը վերահսկվում է ՀՀ կառավարության` 2007 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ հաստատված «Մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգով։

Բնական գազի որակական ցուցանիշները որոշվում են նաև միջպետական ստանդարտին համապատասխան` ՀՀ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ կողմից, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ փորձարկման լաբորատորիայում։

Իսկ այդ ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ պաշտոնական կայքում: