ԵՐՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԳՈՒԺԿԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԽԱՂԱՂԱՍԵՐ ՀԱՅ ՊԱՇՏՈՆԱԿԻՑԸ

Ադրբեջանի նախագահն արդեն սկսել է խոսել Հայաստանի դեմ երրորդ պատերազմի հնարավորությունից՝ պնդելով, որ անգամ խաղաղության համաձայնագրի կնքումն իրենց չի կանգնեցնի, և որևէ փաստաթուղթ Բաքվի համար չի կարող զսպաշապիկ լինել ընդդեմ Հայաստանի։ Սա խիստ սպասելի թշնամական հռետորաբանություն է, որը գնալով ուժգնանալու է՝ փոխարենն արժանանալով հայկական կողմի խաղաղասիրական զեղումներին։ Ակնհայտ է դառնում, որ եթե կապիտուլյացիոն հայտարարության կնքմամբ մեր երկիրը կրակի մեջ է հայտնվել, հիմա վստահաբար մեզ շատ ավելի մեծ աղետ է սպասում։ Պարտված բանակցողը նույնն է, իսկ Ադրբեջանն արդեն նույնը չէ, այն օգտվում է հաղթողի դիրքից և մեր գլխին հնարավորինս շատ փորձանքներ է բերելու։

Եթե մինչեվ պատերազմը Փաշինյանը պնդում էր, թե ինքն Արցախի տարածքի և կարգավիճակի հետ կապված որոշում ընդունելու որևէ իրավազորություն և մանդատ չունի (բայց դա նրան չխանգարեց Արցախի փոխարեն կապիտուլյացիա կնքել), այսօր Արցախից բացարձակապես չի էլ խոսում, այսինքն՝ կյանքի է կոչում մանդատ չունենալու մասին սեփական խոսքերը, միայն թե՝ Արցախի հանձնումից հետո։ Ինչո՞ւ են արհամարհված այն երկիրն ու ժողովուրդը, որին ներկայացնելու համար ժամանակին այդպես պայքարում էր սույն անձը։ Տպավորությունն այն է, որ Փաշինյանը Հայաստանի տարածքային զիջումների վերաբերյալ խոսելու մանդատ էլ չունի, թեև Սահմանադրություն է ոտնահարել՝ երկրի սահմանագիծն ապօրինաբար փոփոխելով ու գալիք կորուստների մասին ազդարարելով (օրինակ Տավուշի մարզում)։

Սահմանադրությունը ոտնատակ տված ղեկավարից ի՞նչ սպասես, նա կարո՞ղ է, ասենք, Դատական օրենսգիրքը կամ «Գնումների մասին» օրենքը պահպանել։ Մայր օրենքի նախատեսած երաշխիքներից մեկն իշխանության թևերի միջև հակակշիռների և զսպիչների համակարգն է, և Հայաստանի անունից Փաշինյանի կնքած եռակողմ պայմանագրերը պետք է անցնեին Սահմանադրական դատարանի և ԱԺ-ի վերահսկողությամբ, ինչը չի արվել։ Սա արհամարհանք է իրավական պետության և քաղաքացիական հասարակության հիմնարար արժեքների ու սկզբունքների նկատմամբ, որի մասին, սակայն, մեր խաղաղասեր իրավապաշտպան հանրույթը լռում է։

1992-ից շրջանառության մեջ դրված որևէ փաստաթղթի անգամ աշխատանքային տարբերակում ՀՀ տարածքի հետ կապված դրույթներ չեն եղել, իսկ Մեղրիի չարչրկված տարբերակը ժամանակին մերժվել է հենց Ադրբեջանի կողմից։ Տավուշում կամ Արարատում երբեմնի անկլավների հնարավոր զիջման առաջարկը պետք է ի սկզբանե մերժվեր խորհրդարանական և Բարձր դատարանի ատյաններում, եթե, իհարկե, նախ դրանցով անցներ, ապա և՝ այդ մարմինները մեկ անձի պարզ կամակատար չլինեին։ Առայսօր նույնիսկ Վրաստանի հետ սահմանազատումը չավարտած՝ իշխանական համակարգը և սպայակույտը լուռ հանդուրժում են, որ Փաշինյանի հովանու ներքո թշնամին մեր տարածքում սեփական սահմանը գծի։

Խախտելով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, Դատական օրենսգիրքն ու Սահմանադրությունը՝ մեկ տարի առաջ Փաշինյանն շտապում էր մարդասպաններ Գուլիևին ու Ասկերովին արտահանձնել Ադրբեջանին, այն դեպքում, երբ դեռևս հարյուրավոր հայ ռազմագերիներ խոշտանգվում են Բաքվի բանտերում։ Ամեն, ամեն ինչ արվում է՝ թշնամու բարեհաճությանն արժանանալու համար, որ հանկարծ Ալիևը չհրապարակի Փաշինյանի բանակցածի մասին իր ձեռքի տակ եղած տվյալները։

Եռակողմ հայտարարության կնքումից հետո Ադրբեջանին են տրվել նաև տասնյակ գյուղեր Մարտակերտի, Հադրութի և Շուշիի շրջաններից, մեր զինծառայողները զինաթափվել և գերեվարվել են, հանձնվել են Որոտանի և Կովսականի մնացյալ հատվածները, Գորիս-Կապան ճանապարհահատվածը, տարածքներ ու դիրքեր Գեղարքունիքում և Սյունիքում։ Այս ցանկը, ցավոք, շարունակելի է, քանի դեռ չկա բանակցային սկզբունք։ Երևանն ու Ստեփանակերտը շարունակելու են զիջել ոչնչի դիմաց, իսկ Բաքուն ավելին է պահանջելու։