Վանեցյանն ասել է, թե ինչու ընդդիմությունը վարչապետի իմպիչմենտի հարցը բարձրացնել չի կարող

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը ընտրություններից հետո մեկ տարվա ընթացքում ընդդիմությունը բարձրացնել չի կարող։ Նման հայտարարություն լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով, Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչները բաց չեն թողնում որևէ հնարավորություն, որպեսզի ադրբեջանամետ հայտարարություններ անեն: Մինչդեռ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են ՀՀ տարածքում, քաղաքացիական անձինք գերին են ընկնում ՀՀ տարածքից, անգամ՝ սպանվում։

«Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը որևէ կերպ չեն մեղադրում Ադրբեջանին։ Պատգամավորներից մեկը նույնիսկ հայտարարել է, որ ագրեսիայի մասին խոսել չի կարելի։ Դուք հասկանո՞ւմ եք, թե ուր ենք հասել »,- ասաց Վանեցյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում լարվածության աճին՝ Վանեցյանը նշել է, որ իշխանությունները չեն կարող ապահովել երկրի անվտանգությունը։ Այն մասին, որ պետք է «այս կապիտուլյանտներին դուրս շպրտել» երկրի կառավարումից, ըստ Վանեցյանի, ընդդիմությունն ասել է ընտրություններից առաջ, ընթացքում և հետո:

«Մեզ մեղադրում էին, որ պատերազմի կողմնակից ենք, պատերազմ ենք ուզում, պատերազմ ենք հրահրում, որ ռևանշիստների ուժ ենք», - նշել է նա:

Հարցին, թե ինչ է անում ընդդիմությունը իրավիճակը փոխելու համար, Վանեցյանը պատասխանել է, որ ընդդիմությունն անում է իրենից կախված ամեն ինչ, հանդիպումներ է ունենում մարզերում, Երևանում քաղաքացիների, քաղհասարակության ներկայացուցիչների, տարբեր մասնագիտություններ ներկայացնող գործիչների, մտավորականների հետ, փորձում է գեներացնել դժգոհությունը: Բայց իմպիչմենտին դեռ պետք է սպասել։

«Ընտրություններից հետո մեկ տարվա ընթացքում իմպիչմենտի հարցը չենք կարող բարձրացնել», - ասել է Վանեցյանը:

Ընդ որում, Վանեցյանը բավարարված չէ ընդդիմության քայլերից։ Նա սխալներ է տեսնում թե իր, թե ընդդիմադիր մնացած գործընկերների գործողություններում, բայց վստահ է, որ պետք է անել ամեն ինչ, որ այս իշխանություններն օր առաջ հեռանան, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության կազմում Վանեցյանը չեղյալ էր հայտարարել իր աշխատանքային այցը ԱՄՆ։