Թաթոյանը դիմել է ՍԴ. նա վիճարկում է Հարկային օրենսգրքով նախատեսված տուգանքների չափերը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելով ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար ՀՀ Հարկային օրենսգրքով նախատեսված տուգանքների չափերը։

«Վիճարկում եմ այն, որ տուգանքների ֆիքսված չափեր սահմանելով` հաշվի չի առնվում իրավախախտման հանգամանքները և չի տալիս անհատականացման հնարավորություն»,– Facebook-ում գրել է Թաթոյանը։

Խոսքը վերաբերում է Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն` ՀԴՄ–ի բացակայության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում են 300.000 դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտը` 1000000։

Ըստ Թաթոյանի` օրենքի այս դրույթը թույլ չի տալիս դիտարկել խախտում կատարողի շրջանառության ծավալը:

Պաշտպանը մտահոգված է նաև տուգանքի չափերով, որոնք, ըստ նրա, կարող են հանգեցնել փոքր ու նորաբաց ձեռնարկությունների գործունեության դադարեցմանը, ինչն էլ իր հերթին, Թաթոյանի բնորոշմամբ, հարկային մարմինների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի նկատմամբ անհամաչափ միջամտություն է, տեղեկացնում է Sputnik Արմենիա։