Ջրականի ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն

Ջրականի ուղղությունից այսօր՝ հունվարի 18–ին, հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Այս մասին News.am-ը տեղեկանում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հարավային թևում:

Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,– ասվում է Արցախի ԱԻՊԾ–ի տարածած հաղորդագրության մեջ։