Արցախի ԱԳ նախարար. Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի վրա հարձակում կնշանակի Ռուսաստանի վրա

Ոչ ոք չի կարող երաշխավորել նոր պատերազմի հնարավորության իսպառ բացակայությունը, սակայն հիմա այդպիսի հնարավորությունը շատ փոքր է։ Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի վրա լայնածավալ հարձակումը հարձակում կնշանակի ՀԱՊԿ-ի վրա և պարզապես չի կարող աննկատ մնալ։ «Մենք տեսանք Ղազախստանի վերջին իրադարձությունները և ՀԱՊԿ-ի արձագանքը։ Իսկ Հայաստանի վրա հարձակման դեպքում արձագանք կլինի առնվազն ռուսական կողմից, հատկապես եթե միանա Թուրքիան: Ինչ վերաբերում է Ղարաբաղի վրա հարձակման հնարավորությանը, ապա խաղաղությունն ու կայունությունը պահպանվում են ռուս խաղաղապահների կողմից։ Արցախի վրա հարձակումը ինքնաբերաբար հարձակում կնշանակի ռուս խաղաղապահների և Ռուսաստանի վրա։ Դա այլ տեսակի պատերազմ կլինի: Դա չի լինի պատերազմ Ադրբեջանի և Արցախի և Հայաստանի միջև: Չեմ կարծում, որ Ադրբեջանը դա չի հասկանում։

Եթե ​​Ղազախստանում ահաբեկիչներին, պանթուրքիստներին հաջողվեր հասնել իրենց նպատակին, ապա պատերազմի հավանականությունը 100 տոկոսանոց կլիներ։ Հիմա հավանականությունը փոքր է»,- ասաց նախարարը, տեղեկացնում է News.am։