«Անորակ հրթիռների» քննությունը հետաձգվեց. վիճարկվում է գործը դատավորին մակագրելու հարցը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և այլ պաշտոնյաների գործով դատական նիստը հետաձգվեց մինչ հունվարի 20–ը, ժամը 11։00–ն։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց գործով մեղադրյալ, ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով` մեղադրյալների փաստաբանները պահանջել են, որ դատավոր Մանվել Շահվերդյանը ներկայացնի, թե ինչպես է գործը մակագրվել իրեն։ Պարզվել է` ոչ էլեկտրոնային տարբերակով։

«Մենք նաև միջնորդեցինք ներկայացնել, թե արդյոք գործը մակագրվել է ոչ ազգանունների այբբենական կարգով։ Դատարանը չէր տիրապետում նման տվյալների, և նիստը շարունակելու անհնարինություն առաջացավ։ Շահվերդյանը պետք է ճշտի այս հանգամանքը դատարանի նախագահից և ներկայացնի հաջորդ նիստին», - նշեց փաստաբանը։

Սարգսյանը չբացառեց, որ գործով մեղադրյալների փաստաբանները դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն։ Ըստ նրա` մակագրման պրոցեսը պետք է թափանցիկ լինի, ու պաշտպանվի պատահականության սկզբունքը. հնարավոր է` դա տեղի չի ունեցել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։

Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։

Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:

Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին, տեղեկացնում է Sputnik Արմենիա: