ՀՀ քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմում զոհվածների նոր թիվ է հայտնել

Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով, 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Անհետ կորած է համարվում 199 զինծառայող և քաղաքացիական անձ։ Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 141 զինծառայող և քաղաքացիական անձ»,- նշում են ՔԿ-ից։

Կառույցից նշում են, որ շարունակվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, խաղաղ բնակչության կանխամտածված ու նպատակաուղված գրոհների թիրախ դարձնելու, այլ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարաքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 28–ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3808 է։