Բաքուն աջակցում է առանց նախապայմանների սահմանազատում սկսելուն

Բաքուն կողմ է սահմանազատման գործընթաց սկսելուն։ Այս մասին Վիեննայում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկին առանց որևէ նախապայմանի», - նշել է Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանը:

Նշենք, որ թեմային այսօր` հունվարի 19–ին, ՀՀ Ազգային ժողովում անդրադարձել էր նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա նշել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով դեռևս չի ստեղծվել, ժամկետներ էլ հստակ չկան։

Միրզոյանի խոսքով` ներկայում քննարկվում են այն պայմանները, որով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել։

Հանձնաժողովի ստեղծման ժամկետների հարցում, ըստ Միրզոյանի, հստակություն չկա, սակայն խոսքը մոտալուտ գործընթացի մասին է։

ԱԳ նախարարը շեշտել էր, որ պարզելու և համաձայնեցնելու հանգամանքներ կան, որոնք իրականացնելուց հետո հանձնաժողովը կձևավորվի ու կսկսի գործել, տեղեկացնում է Sputnik Արմենիա։