Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ Ի՞ՆՉ Է ԳՏԵԼ ԽՈՒՆՏԱՆ ԻՐ ՍԻՐԵԼԻ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Այսօր, Ռուսաստանի և Թուրքիայի շահերը սերտորեն խաչվում են Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:

Վերջին տարիներին Անկարայի եվ Արեվմուտքի շահերը, գլոբալ շատ հարցերում, մեղմ ասած չեն համընկնում: 2015թ.-ին սրված ռուս-թուրքական հարաբերությունների արագ կարգավորումից հետո, ընդգծված հակասություններ են ի հայտ եկել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում: Սակայն Ղրիմի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում, Թուրքիայի պրոուկրաինական դիրքորոշումը` Թուրքիայի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը մեղմող սակավ հարցերից մեկը: Այս առումով, Անկարան փորձում է վարել բալանսավորված քաղաքականություն: Նա հրաժարվում է ճանաչել Ղրիմի անջատումը Ուկրաինայից, բայց նաև չի միանում Ռուսաստանի դեմ կիրռված արևմտյան սանկցիաներին` փորձելով միջնորդի դեր ստանձնել Կիևի և Մոսկվայի միջև: Դրանում վերջերս ներգրավել է նաև իր կրտսեր վասալին` Ադրբեջանին:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ բացառիկ պետություններից է, ում այսօր բոլորովին ձեռնտու չէ ՌԴ-ԱՄՆ կոնֆլիկտի խորացումն ու բախման վտանգը: Թուրքիային այսօր պետք չեն պրոբլեմներ Ռուսաստանի հետ և նոր անխուսափելի խնդիրներ ԱՄՆ-ի հետ: Բացի այդ, ՌԴ-ԱՄՆ հակամարտությունը ազդելու է նաև Սևծովյան տարածաշրջանի վրա, որտեղ Թուրքիան երկար ժամանակ կարողացել է պահել հավասարակշռությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Թուրքիան այս հարցում խիստ զգայուն է, քանի որ հակամարտության սրման պարագայում Ռուսաստանը փորձելու է մեծացնել իր ազդեցությունը Սևծովյան ավազանում, այդ թվում նաև Թուրքիայի շահերի հաշվին: Իսկ եթե ճգնաժամը վերածվի ռազմական հակամարտության, ապա Թուրքիան կանգնելու է դժվար ընտրության առջև:

Մի կողմից Թուրքիայի ներգրավումը ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի թևում` վտանգի տակ կդնի կարգավորված հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մյուս կողմից, չեզոքության պահպանումը հսկայական վնաս կհասցնի ինչպես Ուկրաինայի հետ ծավալված քաղաքական և ռազմա-տնտեսական գործընկերությանը, այնպես էլ ՆԱՏՕ-ում ունեցած իր դիրքերին: Հատկապես, որ 2014թ. Ռուսաստանն արդեն իսկ խլել է Թուրքիայի ռազմածովային ուժերի հեգեմոն դերակատարությունը Սև ծովում:

Բացի այդ, Սիրիայի հյուսիսում թուրքական ներկայության վրա ռազմական ճնշմանը զուգահեռ, ՌԴ-ն կարող է թուլացնել Թուրքիայի ազդեցությունը Կենտրոնական Ասիայում: Նա կարող փակել նաև Հայաստանով անցնելիք թուրք-ադրբեջակական դեռևս չբացված հաղորդակցությունները (տրանսպորտային «միջանցքը»):

Ղազախական ճգնաժամում Ռուսաստանի վերջին կայծակնային միջամտությունը ցույց տվեց, որ Մոսկվան կարող է նաև չեզոքացնել Թուրքիայի ազդեցությունը նախկին ԽՍՀՄ թուրքալեզու երկրներում, եթե անհրաժեշտ լինի:

Մյուս կողմից, ՌԴ-ին ձեռնտու է Թուրքիայի չեզոքությունը և եթե հակամարտությունը սրվի, և ռուսական գազը եվրոպա արտահանելու համար նոր խոչընդոտներ ի հայտ գան («Հյուսիսային հոսք 2»), ապա չի բացառվում, որ Ռուսաստանի նկատմամբ իրենց չեզոքության դիմաց, թուրքերը ստանան ռուսական գազն իրենց տարածքով դեպի եվրոպա արտահանելու հնարավորություն: Դա անշուշտ կմեծացնի Թուրքիայի էներգետիկ դերակատարումը, բայց ավելի կխորացնի ՆԱՏՕ-ի հետ հակասությունները:

Ներկայումս, Թուրքիայի մտահոգությունը կայանում է նրանում, որ իր հյուսիսային սահմաններին աճող ռազմական բախման վտանգը կարող է կանգնեցնել անխուսափելի երկընտրանքի առջև, որոնցից երկուսն էլ վատն են: Իսկ չեզոքության պարագայում` Թուրքիան կվերածվի մեկուսացված պետության, դրանով իսկ զրոյացնելով տարածաշրջանային գերտերություն դառնալու իր վաղեմի երազանքները:

Աշխարհաքաղաքական այս խոշոր խաղերի և ահագնացող վտանգների մեջ, հայության երաշխավորված անվտանգության մասին մտածելն այսօր թիվ մեկ գերխնդիրն է: Դրա փոխարեն, Արցախն ու հայկական շահերն ամբողջությամբ զոհաբերած կապիտուլացված Նիկոլի խունտան, թուրքերին «միջանցք» տալու և Հայոց Ցեղասպանությունը մոռացության մատնելու թեմաներ է քննարկում:

Արտակ Զաքարյան, ֆեյսբուքյան էջ