Ալվինա ԱՂԱԲԱԲՅԱՆ․ «ՀԱՅԵԼԱՅԻՆ ՀԵՏ ՔԱՇՈՒՄ»-Ը ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ Է՝ ՀՂԻ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿՈՐՍՏՈՎ
Շփման գծից Հայաստանի զինված ուժերի և Ադրբեջանի օկուպացիոն զորքերի հայելային հետ քաշումն ուղղակի անընդունելի և անթույլատրելի է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը: Նա, մասնավորապես, նշել է.
«Ընդամենը մի քանի օրինակ՝
▪ Կապան քաղաք։ Քաղաքի հենց մուտքի մոտ գտնվող Կապանի օդանավակայանը ներկայիս շփման գծից հեռու է ընդամենը 50-100 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, քաղաքի կենտրոնական հրապարակու՞մ, թե՞ մոտ 43000 բնակչություն ունեցող մարզկենտրոն Կապանն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
▪ Սյունիքի Խնացախ գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 200-300 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման« դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակու՞մ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
▪ Սյունիքի Կոռնիձոր գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 500 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման« դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի միջնակարգ դպրոցի բակու՞մ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
▪ Սյունիքի Շուռնուխ գյուղ։ Ներկայիս շփման գիծն անցնում է գյուղի հենց միջով։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտու՞մ և հայաթափվելու՞ է։
▪ Սյունիքի Ճակատեն գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 350-400 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի 10-րդ դարի սուրբ Հռիփսիմե եկեղեցու կամ դպրոցի բակու՞մ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
▪ Սյունիքի Ներքին Հանդ գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է 250-300 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի դպրոցի բակու՞մ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
Այս շարքը կարելի է շարունակել։ Մի քանի տասնյակ գյուղեր ու քաղաքներ են հայտնվելու աղետի առաջ։
Եզրահանգումը մեկն է․
«Հայելային հետ քաշում»-ը հակահայկական օրակարգ է՝ հղի նոր տարածքների կորստով, ինչն էլ իր հերթին անվտանգային նորանոր խնդիրներ է առաջացնելու մեզ համար, դարձնելու է մեզ էլ ավելի անպաշտպան և խոցելի։ Աղետի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, լոգիստիկ, հոգեբանական-ինքնութենական և այլ խնդիրների մասին դեռ լռում եմ․․․»։