Չավուշօղլուն Միրզոյանին հրավիրել է Անթալիա. ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստացել և շարունակում է ստանալ այս տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների հրավերներ, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանը հրավիրված է Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

«ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը։ Հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին»,- նշեց Հունանյանը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայի համալսարանում դիվանագետների հետ հանդիպմանն ասել է, որ մարտի 11-13-ն անցկացվելու է Անթալիայի դիվանագիտական 2-րդ ֆորումը, որին մասնակցելու հրավեր են ուղարկել բազմաթիվ երկրներ, հրավիրվածների ցանկում են նաև Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը։ Նրա խոսքով` արդեն 39 երկրի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը։