Թուրքիան Հայաստանի հետ բանակցությունները երրորդ երկրում անցկացնելու կարիք չի տեսնում

Անկարան Երևանի հետ երրորդ երկրում բանակցություններ վարելու անհրաժեշտություն չի տեսնում։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնել է երկրի ԱԳՆ աղբյուրը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հայաստանի հետ բանակցությունների հերթական փուլի օրը կորոշվի երկու կողմերի հատուկ ներկայացուցիչների կողմից։ Մենք ցանկանում ենք, որ բանակցություններն ընթանան Թուրքիայում և Հայաստանում։ Կարիք չկա դրանք անցկացնել երրորդ երկրում»,–ասել է աղբյուրը։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։

Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների, տեղեկացնում է Sputnik Արմենիա։