ՀԴԲ-ն խուզարկել է ԱՄՆ կոնգրեսականի տունն` Ադրբեջանի մասով հետաքննության շրջանակներում

Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից Տեխասում դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելյարի տան և նախընտրական գրասենյակի խուզարկությունը կապված է Ադրբեջանի և մի քանի ամերիկացի գործարարների նկատմամբ լայնածավալ դաշնային հետաքննության հետ, հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը:

Վաշինգտոնում դաշնային մեծ ժյուրին հետաքննում է այդ հարցը, բայց պարզ չէ` արդյոք Կուելյարը հետաքննության առարկա է հանդիսանում:

Այն բանից հետո, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները խուզարկեցին Տեխասի Լարեդո քաղաքում գտնվող Կուելյարի տունը, նրա օգնականը հայտարարեց, որ կոնգրեսականը «լիովին կհամագործակցի ցանկացած հետաքննության հետ»: «Նա հավատարիմ է արդարադատության և օրենքի գերակայության պահպանմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Կուելյարը վերջին տարիներին Կոնգրեսում Ադրբեջանի խմբակցության համանախագահն էր և բազմիցս հանդիպել է ադրբեջանցի պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ, տեղեկացնում է News.am-ը: