Fly Arna-ում նշանակումներ են եղել․ տնօրենների խորհուրդն անդամներ ու նախագահ ունի

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունում տնօրենների խորհրդի անդամներ ու նախագահ է նշանակվել։

Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է 5 անդամից՝ Դավիթ Փափազյան՝ ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն, էդուարդ Մկրտչյան՝ ԱՆԻՖ-ի գործառնական տնօրեն, Ադել Ալի՝ Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, Հուսամ Ռայդան` Էյր Արաբիա ընկերության տնօրեն, Նիկո Բուշհոլց` փորձագետ, անկախ անդամ։ Նրանցից յուրաքանչյուրը նշանակվել է 3 տարի ժամկետով։

«Ֆլայ Արնայի» խորհրդի նախագահ է նշանակվել ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, որն ընկերության խորհուրդը կղեկավարի առաջիկա 3 տարվա ընթացքում: Ավիաընկերությունից նշում են, որ խորհրդի նախագահը մշտապես առաջադրվելու է ԱՆԻՖ-ի կողմից:

«Խորհրդի անդամները մեծ փորձ և առաջնորդական հմտություններ ունեն, նրանք ճանաչված են իրենց մասնագիտական ոլորտներում ունեցած ներդրումների համար: Նրանց միասնական հարուստ փորձը ֆինանսների, ավիացիայի և զբոսաշրջության ոլորտներում ուղեցույց է հանդիսանալու հուսալի գործունեություն իրականացնելու, արագ աճի հասնելու, հաճախորդների և բաժնետերերի համար երկարաժամկետ արժեք ստեղծելու՝ ընկերության ռազմավարական նպատակներն իրականացնելու համար»,- հայտնում են «Ֆլայ Արնայից»:

Ավիաընկերության բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ «Ֆլայ Արնան» գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին ԱՆԻՖ-ը և Էյր Արաբիան հայտարարել էին 2021 թվականի հուլիսին: