Գերությունից վերադարձած ու կալանավորված զինծառայողի գործով դատական նիստը հետաձգվել է

Ադրբեջանական գերությունից վերադարձած և հայրենիքում կալանավորված ենթասպա Արեն Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության քննությունն այսօր հետաձգվել է։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։ Դատարան ներկայացված միջնորդությամբ առաջարկվում է Արամյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով։

Նոյեմբերի 26-ին հայտնել էինք, որ Ադրբեջանը 2 գերի է փոխանցել Հայաստանին, որոնցից մեկն էլ Արեն Արամյանն էր։ Նա գերեվարվել էր նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ։

Դատական նիստը հետաձգվել է՝ առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Նրա պաշտպան Արա Կարապետյանը տեղեկացրել է, որ Արամյանը վերջին երեք օրվա ընթացքում հետազոտություններ է անցել, սակայն ախտորոշումը ներկայացվել է՝ ըստ բժիշկների հայտարարությունների։ Դատարանը հետաձգել է դատական նիստը, որ պաշտպանը կարողանա արդեն փաստաթղթավորված տարբերակով ներկայացնել Արամյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները։

Արեն Արամյանը դատական նիստին ներկա չի եղել։ Պաշտպանի խոսքով՝ նրան հակացուցված է տեղաշարժվելը։

Հավելենք, որ հաշվի առնելով Արամյանի ընտանիքի սոցիալական վիճակը՝ պաշտպանի ներկայացրած միջնորդության մեջ գրավի չափ է առաջարկվել 500.000 ՀՀ դրամը։ Պաշտպանության կողմը միջնորդության հիմքում դրել է նախաքննության ավարտի և Արամյանի՝ վատթարացած առողջական վիճակի հանգամանքը։

Նշենք, որ ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը նշել էր, որ իր պաշտպանյալը կարող է հաշմանդամություն ձեռքբերել։

«Արենը դիրքի ավագն էր, մարտի ժամանակ ծնկի շրջանում վիրավորում է ստացել, որից հետո բութ գործիքով մի քանի անգամ հարվածել են նրա գլխին և գերի վերցրել։ Գլխի շրջանում կարած վերք ունի, բացի այդ, Ադրբեջանում 2 վիրահատության է ենթարկվել։ Հայաստանում պետք է վերականգնողական կուրս անցներ, որպեսզի որոշ չափով ոտքը կարողանար շարժել և քայլել։ Սակայն գերությունից վերադարձել ու կալանավորվել է»,–ասել էր պաշտպանը։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում Արամյանի ոտքը կարող են ամպուտացնել։

Նշենք, որ Արեն Արամյանը մասնակցել է ինչպես քառօրյա պատերազմին, այնպես էլ 2020-ի հուլիսյան մարտերին և 44-օրյա պատերազմին։ Պաշտպանը հայտնեց` Արամյանի հրամանատարությունը 44-օրյա մարտերից հետո նրան ներկայացրել է պետական պարգևի։

Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արամյանը ՀՀ վերադառնալուց հետո կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) կասկածանքով։