ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ․ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստեփան Դանիելյան Այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել

Այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին:

«Հայաստանում այդպես էլ լուրջ ու համակարգված քննարկում չի ստացվում։ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահով ինձ ոչ թե իր անձի մասին արվող գնահատականները կհետաքրեին, այլ որոշ հարցեր.

- ինչու հիմա տվեց հրաժարական,

- ինչ զարգացումներ են սպասվում, որի հետ համաձայն չի ու որպես նախագահ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել,

- ինչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել,

- խոսելով «համազգային ճգնաժամի» մասին, նկատի ունի այն, ինչը տեղի է ունեցել, թե ինչ-որ նոր իրադարձություն է սպասվում,

- խոսելով իր ընտանիքի թիրախավորման մասին, ինչ նկատի ունի' մամուլի նյութերը, թե իշխող ուժն է ներքին կարգով թիրախավորել,

- գուցե իշխող ուժի մի նոր սցենար է փորձում իր հրաժարականով խաթարել,

- ինչ «արմատական քաղաքական փոփոխությունների» մասին է ակնարկում, որի վրա «նախագահը ազդելու հնարավորություն չունի»,

- եվ վերջապես, ինչու այլև «սխալվելու հնարավորություն ազգը» չունի, ինչ իրադարձություն է սպասվում, ինչը նա սխալ է համարում։

Համենայն դեպս, այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել։

Հ.Գ. Արմեն Սարգսյանի հրավերով մի քանի անգամ երկար առանձնազրույցներ ենք ունեցել։ Նաև դրանց բովանդակությունից ելնելով կարծում եմ, որ սա պահի տակ, կամ էմոցիոնալ պատճառներով արված հրաժարական չէ»։

Կոնստանտին ԶատուլինՌուսաստանում անհանգստացած են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներից

Ակնհայտ է, որ նախորդ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունները չտվեցին բոլոր հարցերի պատասխանները ու չհաղթահարեցին Հայաստանի ներքաղաքական լուրջ ճգնաժամը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքական գործիչ, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Արմեն Սարգսյանի հայտարարությունը երկրի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։

«Բոլորի համար էլ հասկանալի է, որ նրա դերը լավագույն դեպքում հանգում է անգլիական թագուհու դերին՝ որոշումներ կայացնելուն միջամտելու շատ քիչ հնարավորությամբ։ Այդ հրաժարականը շատ վաղուց էր սպասվում։ Կարելի է միայն զարմանալ, որ դա այդքան ուշ է տեղի ունեցել», - ասաց Կոնստանտին Զատուլինը։

Ռուս խորհրդարանականի խոսքով՝ նախագահ Սարգսյանի հայտարարության նշանակությունն այն է, որ այն իրապես բնութագրում է Հայաստանում տիրող իրավիճակը: Գործող իշխանությունը, որը հիմնված է խորհրդարանական մեծամասնության վրա, երկրի ներսում ավելի ու ավելի քիչ հիմքեր ունի իր ուժերին վստահ լինելու համար։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանի թիմը չի կարողանում գլուխ հանել ներքաղաքական իրավիճակից։ Ակնհայտ է նաև, որ իշխանությունը մեծ դժվարությամբ է փորձում պաշտպանել Հայաստանի շահերը արտաքին ասպարեզում։

«Ավելի լավ կլիներ, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի արդյունքների ամբողջական պատասխանատվությունը և հրաժարական տար։ Դա հիմք կստեղծեր Հայաստանի քաղաքական դաշտը նորացնելու համար։ Բայց Փաշինյանը դա չարեց, նախընտրեց կառչել իշխանությունից և շարունակում է կառչել դրանից։

Մենք տեսնում ենք, որ այս քաղաքական ռեժիմը ավելի ու ավելի քիչ փաստարկներ ունի իր օգտին։ Այդ խնդիրը մեզ շատ լրջորեն անհանգստացնում է Ռուսաստանում, քանի որ այն անդրադառնում է և՛ հայ-ռուսական հարաբերությունների, և՛ Ռուսաստանի հանդեպ հայերի վերաբերմունքի վրա, և՛ ամենակարևորը՝ Հայաստանի՝ որպես դաշնակցի գործունակության վրա», - ասաց Զատուլինը։

Անդրեյ Արեշեվ Սա արդեն հակասություն չէ, սա հակամարտություն է

Հայաստանի նախագահի պաշտոնը լքելու մասին Արմեն Սարգսյանի որոշումը տրամաբանական է և բխում է 2015 թվականի սահմանադրական բարեփոխումից ու դրան հաջորդած 2018 թվականի իշխանափոխությունից հետո հանրապետությունում ստեղծված քաղաքական-իրավական ներկայիս դասավորությունից, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը։

Նրա խոսքով՝ Արմեն Սարգսյանը թեեվ սահմանափակ լիազորություններով նախագահի կարգավիճակում էր, այնուամենայնիվ, փորձում էր առավելագույնս օգտակար լինել միջազգային ասպարեզում Հայաստանի շահերի առաջմղման համար՝ հաշվի առնելով նրա երկարամյա քաղաքական ստաժն ու արտասահմանում ճանաչելիությունը:

Սակայն նրա հնարավորությունները Փաշինյանի կառավարության մոտ պահանջարկ չունեին։ Փորձագետն ընդգծում է, որ հակասություններն ակնհայտ էին հենց սկզբից, այսինքն՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո, և տարիների ընթացքում ավելի ու ավելի ակնհայտ դարձան։ Մասնավորապես՝ Սարգսյանն առաջինը կոչ արեց Հայաստանի կառավարությանը հրաժարական տալ Ղարաբաղյան պատերազմի դադարեցման նվաստացուցիչ պայմանների վերաբերյալ Փաշինյանի համաձայնությունից հետո։

«Արմեն Սարգսյանի այսօրվա որոշումը վկայում է այն մասին, որ հակասություններն արդյունքում վերաճել են հայացքների հակամարտության՝ ՀՀ նախագահի և Հայաստանի փաստացի ղեկավար հանդիսացող վարչապետ Փաշինյանի միջև հայկական պետականության հետագա զարգացման վերաբերյալ։ Չի բացառվում, որ Սարգսյանի համար վերջին կաթիլը դարձավ Երևանի՝ Անկարայի հետ հարաբերությունները ջերմացնելու քաղաքականությունը։ Նման իրավիճակում Սարգսյանը համարել է, որ հետագայում իր և երկրի ներկայիս քաղաքական ղեկավարության ճանապարհները տարբեր են», - ասաց Արեշևը։

Արմեն Աշոտյան Այս քայլով Սարգսյանը ավելի է մաքրում Նիկոլի ճանապարհը

Հայաստանի գլխին կախված ամպերից նոր ուժեղ շանթ է գալու մեր գլխին արտաքին աշխարհից, որի նախաշեմին Արմեն Սարգսյանը որոշել է թռնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ոնց ստից և թուլամորթ պաշտոնավարեց, այդպիսի ստից և թուլամորթ տեքստով էլ հրաժարական տվեց։

Համընդհանուր սարկազմից և անակնկալից անդին՝ երկու նախնական և փոխլրացնող դիտարկում.

1. Հայաստանի գլխին կախված ամպերից նոր ուժեղ շանթ է գալու մեր գլխին արտաքին աշխարհից, որի նախաշեմին Արմեն Սարգսյանը որոշել է թռնել։

2. Այս քայլով նա ճանապարհը էլ ավելի է մաքրում Նիկոլի համար՝ երկրում իշխանությունն իր ձեռքերում ամբողջությամբ կոնսոլիդացնելու համար, այդ թվում՝ կեղծ օրակարգ հանդիսացող սահմանադրական փոփոխություններով։

Հ. Գ. Ռուսերեն մի դիպուկ բառ կա՝ слизняк. Սրա դեպքում կարելի է ասել՝ улизняк…»,- գրել է նա:

ԶԼՄ-ների նյութերով