Ազգային ժողովը մարդու իրավունքների նոր պաշտպան ընտրեց

ՀՀ Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածուին` ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել։

Քրիստինե Գրիգորյանը նոր պաշտոնը կստանձնի փետրվարի 23-ից հետո, երբ կլրանա գործող պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը։

ՀՀ ՄԻՊ ինստիտուտի գոյության ընթացքում սա երկրորդ անգամ է, որ այդ պաշտոնը կին է զբաղեցնելու։ Առաջինը եղել է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը (2004-2006 թթ)։

Նորընտիր ՄԻՊ–ը 41 տարեկան է, ունի երկու բարձրագույն կրթություն` երկու մասնագիտությամբ՝ իրավագիտություն և արևելագիտություն: Ունի ավելի քան 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, հիմնականում աշխատել է պետական մարմիններում՝ ԱԺ աշխատակազմ, ՀՀ արդարադատության նախարարություն, առաջին փոխվարչապետի աշխատակազմ:

2014-15թթ-ին նա աշխատել է ԱՄՆ ՄԶԾ «Աջակցություն Հայաստանի ԱԺ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ծրագրում: Իսկ 2021թ-ի ապրիլից Քրիստինե Գրիգորյանը զբաղեցնում էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի դեկտեմբերի սկզբին որոշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

Հունվարի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրիգորյանին ազատեց փոխնախարարի պաշտոնից։