ԵՄ-ն հայտնել է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին իր միանշանակ աջակցության մասին

Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը շատ կարևոր է Եվրամիության համար։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Նա ընդգծել է, որ ԵՄ պատվիրակության վերջին այցը տարածաշրջան նպատակ ուներ որոշել, թե ինչպես կարող է ԵՄ-ն ներգրավվել այս գործընթացում առաջիկա ամիսներին: Այս համատեքստում Կլաարն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել համապարփակ խորհրդատվություններ, ինչպես նաև քաղաքական աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման հարցում։ Միաժամանակ նա հավելել է, որ ԵՄ-ից օգնություն կտրամադրվի միայն այն դեպքում, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ «Ամեն ինչ կախված է Հայաստանից և Ադրբեջանից»,- ընդգծել է նա։

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար, ԵՄ ներկայացուցչի խոսքով, անհրաժեշտ է առարկայական քննարկումներ սկսել՝ ապագայում նոր էսկալացիան բացառելու համար։ ԵՄ առաքելության ներկայությունը տարածաշրջանում թելադրված է Հարավային Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանը նպաստելու ցանկությամբ, այլ ոչ թե այստեղ աշխարհաքաղաքական վերահսկողություն հաստատելու մտադրությամբ, ընդգծել է Կլաարը:

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանից զորքերի դուրսբերման մասին՝ Տոյվո Կլաարը նշել է, որ այս թեման համակողմանի քննարկման առարկա է դարձել ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն առաջարկել է սահմանին տիրող իրավիճակի կարգավորման մի քանի տարբերակ, սակայն դեռ կան մի շարք հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ սահմանների սահմանազատման հետ կապված։ Իրավիճակը լիցքաթափելու համար, նրա կարծիքով, անհրաժեշտ է անցնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նախապես համաձայնեցված հարցերի գործնական իրականացմանը, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը։