ՀՀ նախագահի՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ «Հետքի» հրապարակումն ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Տեղեկացրեցին նաև, որ դեռ 2021 թվականի ապրիլին քրեական գործ է հարուցվել նախագահի քաղաքացիության հետ կապված։ ԱԱԾ-ին դատախազությունն առաջարկել է վերը նշված հրապարակումը քննել այդ քրգործի շրջանակում։

Երեկ «Հետք» պարբերականը գրել էր` նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի պատճառը մեկն է՝ նա այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչև նախագահ դառնալը:

Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել նախագահի պաշտոնից հունվարի 23-ին։